Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի՝ տուգանային միավորներ կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
Նախագծով վարչական տույժ է սահմանվում՝ «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում» և «հատուկ իրավունքից զրկում»:
Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սահմանված տուգանային միավորները:
«Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր:
Տուգանային միավորի չափը սահմանվում է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից»,- նշվում է նախագծում:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել 1 ամսից մինչև 6 ամիս ժամկետով, ինչը նախագծով կոչվում է «վարորդական իրավունքի կասեցում»:
Ներգործության այս տեսակը չի տարածվի հաշմանդամություն ունեցողների վրա` բացառությամբ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքի: Նախագծով առաջարկվում է մի շարք խախտումների դեպքում ավելի երկար ժամկետով զրկել վարորդական իրավունքից:
Նախագծով սահմանվում է, որ վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր, վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր, տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր, հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր, մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝ 1 միավոր, մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով:
Խախտումների առավել լայն ցանկին և սահմանված տուգանային միավորներին կարող եք ծանոթանալ նախագծում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը