Սյունիքի մարզում փակվել է միջպետական ճանապարհը։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք մարզի բնակիչներից Վալերի Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:
«Սյունիքի մարզպետը պետք է լինի սյունեցի»,- հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցների մեկը:
«Սյունեցուն անտեսել է էլի Նիկոլը, սյունեցին դեմ է նոր մարզպետի նշանակմանը», - հայտարարում էին փողոցը փակած քաղաքացիները։
Հիշեցնենք, որ Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը