Ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ այս ամիս հնարավորություն կունենան փորձելու իրականացնել իրենց «ամերիկյան երազանքը»։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Green Card ամենամյա վիճակախաղի հայտերն ընդունելու մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Green Card-ը շահողներին հնարավորություն կտա ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ստանալու։
Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ վիճակախաղի ընթացքում կխաղարկվի 50 հազար վիզա, որոնք հնարավոր կլինի ստանալ 2020 ֆինանսական տարում (սկսվում է 2019-ի հոկտեմբերի 1-ից և ավարտվում է 2020-ի սեպտեմբերի 30-ին):
Վիզաները կարող են շահել աշխարհի 6 աշխարհագրական մակրոշրջաններից մեկում ծնված մարդիկ: Շահողներին որոշում են պատահական ընտրության միջոցով:
Այս տարի վիճակախաղին մասնակցելու սահմանափակումներ են մտցված այն մարդկանց համար, ովքեր ծնվել են Բանգլադեշում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում (բացի Հոնկոնգից, Մակաոյից և Թայվանից), Կոլումբիայում, Դոմինիկյան հանրապետությունում, Սալվադորում, Հաիթիում, Հնդկաստանում, Ճամայկայում, Մեքսիկայում, Նիգերիայում, Պակիստանում, Պերուում, Ֆիլիպիններում, Վիետնամում և Մեծ Բրիտանիայում (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի):
Այս սահմանափակումները պայմանավորված են նրանով, որ վերջին 5 տարիների ընթացքում այս երկրներից ավելի քան 50 հազար մարդ մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։
Առցանց գրանցումը սկսվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին եւ կավարտվի նոյեմբերի 6-ին: Խաղարկությանը մասնակցող ոչ մի երկիր չի կարող բոլոր խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին ստանալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը