28 09 2018

Սևանի ափին կա շուրջ 4-4,5 հազար ապօրինի շենք-շինություն. նախարար

Սևանի ափին կա շուրջ 4-4,5 հազար ապօրինի շենք-շինություն. նախարար

Սևանա լճի ափամերձ տարածքներում կան ոչ միայն շենք-շինություններ, որոնք լճի մակարդակի բարձրացման 1903 նիշից ցածր են, նաև կան նման շենք-շինություններ, որոնք սեփականության վկայականներ ունեն ազգային պարկի տարածքում: Այս մասին սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լսումների ժամանակ նշեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարց ուղղեց, թե արդյոք ափամերձ ազգային պարկում կա՞ն հողեր, որոնք սեփականության վկայական ունեն, ինչն օրենքով արգելվում է և կա՞ն շինություններ, որոնք սահմանված նիշից ցածր են, բայց չեն քանդվում, որին պատասխանեց նախարարը, նշելով՝ սահմանված նիշից ցածր բոլոր շինություններն ապօրինի են՝ բացառությամբ ԽՍՀՄ ժամանակներից մնացած հիդրոհանգույցների կամ պոմպակայանների:

«Կան որոշ դեպքեր, որ ստացել են սեփականության վկայականներ, բայց կոնկրետ նոտարը, դատավորը հաշվի չեն առել սահմանափակումները, հետևաբար բոլոր այդ շինություններն անօրինական կարգավիճակ ունեն: Քանդման հետ կապված կան նախնական հաշվարկներ, որոնց համաձայն մեկ քմ-ի քանդման համար բավական մեծ գումար է պետք: Այդ աշխատանքների իրականացումը առաջինը այդ շինությունների սեփականատերերի պարտականությունն է: Եթե նրանք չեն իրականացնում քանդման աշխատանքներ, ապա պետությունը պետք է դատական գործընթացի միջոցով իրականացնի դա»:

Հարցին, թե կա՞ որևէ սեփականատեր, որ ինքնուրույն քանդել է իր շինությունը, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նման շինությունների թիվը շուրջ 4-4,5 հազար է, և կան որոշակի տարածքներ, որտեղ քանդման աշխատանքներ կատարվել են:

Նախարարը նշեց, որ նախօրեին կառավարությունը հաստատել է Սևանա լճի 2019 թվականի գործողությունների ծրագիրը. « Սևանա լճի մակարդակն այս պահին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 սմ բարձր է, այսինքն մոտ 40 մլն խմ ավել ջուր կա Սևանում, բացի այդ, մաքսային մարմինները երեկվանից, նաև հետևելով ԵՏՄ պահանջներին, արգելել են 50 մմ-ից ավելի ցածր ձկնորսական ցանցերի ներմուծումը: Ձկան աճի որոշակի փուլերում փոքր ձկների որսը բերում էր ծավալների անկման»,-ասաց նա:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ Կարինե Դաինելյանն էլ նշեց, որ շատ կարևոր է չաղտոտել Սևանա լիճը, բայց կարևոր է նաև մակարդակը: Նրա խոսքով՝ լճի ամենացածր մակարդակը եղել է 2001-2002թթ-ի սահմաներում, այն դեպքում, երբ 95-ից որոշում էր կայացվել էներգետիկայի նպատակով ջուր բաց չթողնել, բայց այսօր էլ էներգիա ստանալու համար ջուր են բաց թողնում, որը ոչ մի տեղ չի երևում և սա կոռուպցիոն ռիսկերից է, որի մասին խոսվել է:

Կարինե Դանիելյանն ասաց, որ Սևանա լճի մակարդակը բարձրացնելու չափը սխալ հաշվարկ է եղել: «Մենք պետք է հաշվի առենք, որ վերահաշվարկ է եղել, առաջ Սև ծովով էին հաշվարկում, հիմա՝ Բալթիկ, այսինքն՝ մենք ոչ թե 1903,5 մետր, այլ + 20 մետր ևս պետք է  բարձրացնենք Սևանը»,-ասաց նա: Ըստ բնապահպանի՝ լճի մակարդակն արհեստականորեն իջեցնում են, քանի որ, ինչպես մամուլն է գրում, օլիգարխների վիլլաներն անմիջապես ափին են կառուցված: «Զարմամալի է՝ այդքան կեղտաջրեր ընդունելով Սևանն ինչպես է կարողանում ջրի որակը պահպանել: Լճի այս աստիճան ծաղկումը, իմ խորին համոզմամբ, անցյալ տարվա 100 մլն խմ ջրառի պատճառով էր, որը մեծ հարված էր լճին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ  բոլոր ցուցիչներով լիճը գնում է դեպի ճահճացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ