Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Արագածոտն գյուղի հատվածը՝ կանգնեցնելով հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը։ Գյուղացիները դժգոհ են, որ մայրուղու կառուցման նախագծով տրամադրված չեն անցումներ, գետնանցումներ, և իրենց գյուղ անցնելու համար շուրջ 10 կմ պետք է շրջանցեն:
«Մեր գյուղի մոտ մոստ չի կառուցվում, շրջադարձ չկա, պետք է հասնենք Կոշի հատված, նոր հետ դառնանք, գանք։ Հիմա իմ ժողովրդի պահանջն էն է՝ մի անցում տան` Երևանից եկող մեքենան մտնի ու դուրս գա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Արագածոտն համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը՝ նշելով, որ մարզպետի հետ են նաև այս թեմայի շուրջ զրուցել։
Գյուղապետի խոսքով՝ մարզպետն առաջարկել է երկուշաբթի հանդիպում կազմակերպել գյուղացիների և պատկան մարմինների ներկայացուցիչների հետ. «Մարզպետն ասաց թող ժողովուրդը հանդարտվի, ամեն համայնքից չորս ակտիվիստ թող հավաքվեն գյուղապետերի հետ, ԾԻԳ-ի գրասենյակից, տրանսպորտի նախարարությունից, վարչապետի աշխատակազմից հավաքվեն մարզպետարանում՝ գան քննարկելու այդ հարցը։ Բնակիչները չհամաձայնեցին, ասում են` թող իրենք այստեղ գան հանդիպման»,- նշեց նա։
Ավելի ուշ գյուղացիները որոշեցին ժամանակավոր բացել ճանապարհը՝ սպասելով երկուշաբթի կայանալիք քննարկմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը