Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են, նման բան չի եղել: Այս մասին սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Նման բան չի եղել: Բոլոր մեխանիկ-վարորդները հիմա զորացրված են, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդված լինեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հատ առ հատ հարցնել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման դեպք երբևէ չի եղել, դա շահարկվում է չգիտեմ՝ ում կողմից, նման բան երբևէ չի եղել»,-ասաց Լևոն Մնացականյանը: Ինչ վերաբերում է շփման գոտում հրադադարի խախտումներին, Լևոն Մնացականյանն ասաց, որ դրանց նպատակային պատասխան է տրվում:
ՊԲ հրամանատարի խոսքով՝ չկա որևէ դեպք, որին չարձագանքեն, սակայն լինում են նաև անտեղի կրակոցներ, որոնք մնում են անպատասխան: Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Լևոն Մնացականյանն ասաց. «Ընդհանուր գնահատականով սահմանին իրավիճակը կայուն է, հանգիստ»: Նրա խոսքով՝ երբ հայկական զինուժը նպատակահարմար է գտնում, այսինքն՝ անտեղի կրակոցների դեպքում, բնականաբար, լռեցնում է կրակոցները պատասխան կրակոցներով:
Պաշտպանության բանակի հրամանատարը նոր ձեռք բերվելիք զենք-զինամթերքի մասին հրաժարվեց խոսել. «Իհարկե, զինանոցը միշտ լրացվում է նոր տեսականիով»: Իսկ զինանոցի թարմացմանն ու լրացման մասին Լևոն Մնացականյանն ասաց, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը նորմալ է, տեսականին տարբեր է, և ունեն տարբեր գործողությունների ու խնդիրների լուծմանը համահունչ միջոցներ:
Դիտարկմանը, թե հաճախ են զինծառայողների ծնողները բողոքում զինվորին հատկացված հագուստից կամ սննդից՝ ասելով, որ չարաշահումներ են լինում նաև այստեղ, Մնացականյանն արձագանքեց, որ իրականում եզակի դեպքեր են լինում, որ համապատասխանում են իրականությանը։
«Ապրիլից փոփոխության է ենթարկվել սննդի տեսականին՝ 4 տեսակ սնունդ է մատուցվում: Իսկ չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, բոլոր տեղերում էլ լինում են: Գործ ունենք մարդու հետ, իսկ մարդը կարող է սխալվել: Չարաշահումների հետ կապված բացահայտումներ լինում են ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա: Վերջին շրջանում բանակում վերահսկողությունն ուժեղացվել է»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը