05 09 2018

«Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներում պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել

«Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներում պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել:

Այս առնչությամբ, գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:

Վերջինիս, ինչպես նաև դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի  համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով Ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

Բացի դրանից, ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի և բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ:  

Նաև՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության և որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների և բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները: 

Այդպիսով ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ Ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ բացի այն, որ շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված  երթևեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաև գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի չափով վնաս: 

Նկատի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում առերեւույթ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ