Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավը Սոչիում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել։ Ինքնաթիռում 164 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։ Բոլորը տարհանվել են։ Ինքնաթիռի այրվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, այդ թվում՝ 3 երեխա։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ առողջապահության նախարարությանը։
Ինչպես հաղորդվում է, ուղևորների թվում զոհեր չկան, սակայն Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ օդանավի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ մահացել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը։ Ենթադրվում է, որ վթարի հետևանքները վերացնելիս նրա սիրտը կանգնել է։
Ավելի ուշ հաղորդվել է, որ երեք տուժած հոսպիտալացվել է, երկուսը երեխաներ են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը