28 08 2018

ՀԾԿՀ-ն չէր կարող ազդեցություն ունենալ ջրի սակագնի որոշման կայացման վրա․ հայտարարություն

ՀԾԿՀ-ն չէր կարող ազդեցություն ունենալ ջրի սակագնի որոշման կայացման վրա․ հայտարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 27-ին պաշտոնական հրապարակմամբ հանրությանը ներկայացրել է այն իրավական և փաստական հիմնավորումները, որոնց ուժով խմելու ջրի ոլորտի սակագների ճշգրտման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները կրում են տեխնիկական բնույթ, և վերջինիս հայեցողությունն իսպառ բացառված է։

Օգոստոսի 28-ի  նոր հայտարարությամբ Հանձնաժողովը ներկայացրել է մի քանի փաստարկներ՝ նշելով, որ իրենք չէին կարող ազդեցություն ունենալ ջրի սակագնի որոշման կայացման վրա: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

  • Բազիսային սակագները ձևավորվել են միջազգային մրցույթի արդյունքում,
  • Բազիսային սակագները սահմանվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ՀՀ կառավարության կնքած վարձակալության պայմանագրի համաձայն և ամրագրվել մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով՝ հետագա 15 տարիների համար,
  •  Բազիսային սակագները ենթակա են ճշգրտման սակագնային հավելվածով ամրագրված բանաձևերով՝ պայմանավորված 3 գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման բազիսային ծավալների փոփոխություն):

Ուստի, ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ սակագին բարձրացնելու հայտը քննելիս՝ հանձնաժողովը պետք է հաշվի առներ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում  ջրի կորուստների ու անարդյունավետ գնումների վերաբերյալ փաստերը, չունի որևէ իրավական հիմք, քանի որ նշված գործոնները չեն կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի կողմից սակագների ճշգրտման գործընթացում (ճշգրտման գործոնները սպառիչ սահմանված են)։

Ավելին, համաձայն վարձակալության պայմանագրի, ջրի կորուստների և գնումների հետ կապված հարաբերությունները նշված պայմանագրի կարգավորման առարկա են: Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է՝ իր կողմից խմելու ջրի սակագների ճշգրտման վերաբերյալ ցանկացած եզրահանգում կառուցել բացառապես գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, հետո միայն հրապարակայնորեն հանդես գալ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված ոստիկանության մեղադրանքների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ