30 07 2018

Հայկ Գրիգորյանը կրկին դիմել է Մանե Թանդիլյանին

Հայկ Գրիգորյանը կրկին դիմել է Մանե Թանդիլյանին

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն առաջարկել է ստուգումներ կատարել տուն-ինտերնատներում: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գրիգորյանը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում նախաքննությամբ ձեռք բերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ փաստական տվյալների մասին պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին՝ առաջարկելով ստուգումներ իրականացնել ոչ միայն «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում, այլև՝ նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս տուն-ինտերնատներում, ինչպես նաև կատարել ապրանքանյութական արժեքների գույքագրում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տվյալներ են ձեռք բերվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Ա.Հարությունյանը, նախնական համաձայնության գալով պահեստապետի հետ, վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին: Բացի այդ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաև նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին։ Պատճառված վնասը կազմում է 3.069.940 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում ՊՈԱԿ-ում հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ