19 07 2018

Տարոն Մարգարյանի անունով բիզնեսներ չենք հայտնաբերել. Արթուր Վանեցյան

Տարոն Մարգարյանի անունով բիզնեսներ չենք հայտնաբերել. Արթուր Վանեցյան

«Երևան» հիմնադրամի գործով ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին հուլիսի 19-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, այդ գործով ծավալները շատ մեծ են եղել.

«Հիշում եք, երբ մեր տղաները հանում էին այդ պարկերը, այդ փաստաթղթերը: Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի: Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չենք հայտնաբերել: Ունեցվածքը որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը այդ նյութերը փոխանցել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»:

Արթուր Վանեցյանը հերքեց, որ Տարոն Մարգարյանն այս ընթացքում երկիրը լքել է: ԱԱԾ տնօրենը նաև նշեց, որ ապօրինի հարստացման գործերով նոր անձանց վերաբերյալ նյութեր կան ԱԱԾ-ում: Նրա խոսքով, այդ նոր գործերը բավականին մեծ ծավալի են և առաջիկայում կլինեն աղմկահարույց բացահայտումներ: Նա նշեց, որ և ՀՀԿ-ի հետ առնչվող անձինք են և կարող են լինել այլ շրջանակներից:

Լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք մտադիր է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Երևի թե կքննարկենք այդ հարցը, չեմ ասի, թե կհրաժարվեմ»,- պատասխանեց նա:

Ըստ Վանեցյանի` ինքը ֆուտբոլասեր է, ապա հավելեց, որ հիմա ՀՖՖ-ում փոփոխություններ են իրականացվում, հստակեցվում է ՀՖՖ-ի կարգավիճակը, այն դառնում է հասարակական կազմակերպություն, և ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները կկայանան աշնանը:

Հարցին, թե ԱԱԾ-ն ստուգումներ անցկացրե՞լ է Ռուբեն Հայրապետյանի ընկերություններում, նա պատասխանեց, որ ԱԱԾ-ն նման ստուգումներ չի անցկացրել:

«ԱԱԾ-ն ստուգումներ իրականացնում է բոլոր ուղղություններով: Անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, անունից` եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ, որ նա խախտումներ է իրականացրել, ուրեմն ստուգումներ կանցկացվեն»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա հավելեց, որ եթե Յուրի Ջորկաեֆը համաձայնի ստանձնել ՀՖՖ նախագահի պաշտոնը, ապա ինքը կհրաժարվի: Միևնույն ժամանակ ասաց, որ պատրաստ է առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն իրեն հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ լինի ՀՖՖ նախագահ:

Դիտարկմանը` ֆեդերացիայի գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլ ՀՀԿ-ականներ, Վանեցյանն արձագանքեց, որ իր ընտրվելու դեպքում գործկոմի կազմն ամբողջությամբ կփոխվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ