19 07 2018

«Մատնության ինստիտուտը»՝ գործողության մեջ. «Հայոց աշխարհ»

«Մատնության ինստիտուտը»՝ գործողության մեջ. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Եթե հարցնեն՝ ո՞րն է «Նոր Հայաստանի» բրենդը կամ «հիմնական թրենդը», վստահաբար կարելի է ասել՝ ամենօրյա ռեժիմով Հայաստանի «հպարտ քաղաքացու» գլխին առատության եղջյուրից թափվող մեծուփոքր «բացահայտումները»՝ դրանցից բխող քրեա-քաղաքական հետապնդումներով հանդերձ, փոքր (գոնե գյուղապետի մակարդակի), միջին և խոշոր տրամաչափի նախկին պաշտոնյաների հրաժարականները և օր առաջ կոռուպցիայի «քոքը» մեր երկրից անվերադարձ կտրելու խոստումները։

Թավշյա հեղափոխական կառավարությանն այդ հարցում անգնահատելի ծառայություն է մատուցում «դոնոսի» և կամավոր հիմունքներով դրան զինվորագրված «դոնոսչիկների», «գործ տվողների», «գործ սարքողների» ինստիտուտը։

Օրերս, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզ և մատչելի բացատրեց՝ ինչպես է աշխատում կոռուպցիոներներին ու վերջին 20 տարիներին ապօրինի հարստացած թշնամական տարրերին հայտնաբերելու և պատժելու մեխանիզմը (90-ականների զանգվածային ունեզրկման և մեծ արտագաղթի պատասխանատուները՝ Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները, այդ «կատեգորիայի» մեջ չեն մտնում, նրանք մեղադրողի դերում են)։

«Մարդկանց թվում ա, թե ես առավոտ վեր եմ կենում, իրավապահ մարմիններին ասում՝ էսօր պետք է զբաղվեք է՛ս անձի հարցով, է՛ս անձի հարցով, է՛ս անձի հարցով։ Էդպես չի։ Մենք գործում ենք քաղաքացիների դիմումների, մեր ունեցած օպերատիվ տեղեկությունների և եղած գործերի շրջանակներում»,- ասաց նա։

Իհարկե, լինում են դեպքեր, երբ խախտումների մասին ահազանգողները կեսից փոշմանում են՝ գործարքի մեջ մտնում ենթադրյալ հանցագործների հետ, կամ, որ նույնպես հավանական է, հետ են կանգնում իրենց մատնագրերից՝ թերևս հասկանալով դրանց սնանկությունը։ Դրա համար էլ սայլը դժվարությամբ է տեղից շարժվում՝ սկանդալային «կոռուպցիոն բացահայտումների» տեմպերն այն չեն. «Երբեմն տպավորություն է ստեղծվում կամ կարող է ստեղծվել տպավորություն, թե իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը»։

«Ես իրավապահ համակարգի հետ շփումներում անընդհատ նշում եմ՝ իրավապահ համակարգի այն օղակները, որոնք էֆեկտիվ չեն լինի, չեն ապացուցի իրենց էֆեկտիվությունը կոռուպցիայի դեմ պայքարում, շատ երկար չեմ սպասի՝ կիրականացնեմ կադրային լրջագույն փոփոխություններ։ Որևէ մեկը թող չմտածի, թե կարող է հին ձևերով աշխատել։

Ովքեր էսպես մտածում են՝ նրանց հուսախաբություն է սպասում. էդպիսի մարդիկ ոչ միայն կազատվեն աշխատանքից, այլև օրենքի և օրինականության կողմից հուժկու հարված կստանան։ Էդպես մտածողներին կոչ եմ անում լրջանալ»,- հայտարարում է վարչապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով «քաղաքացիների» դերակատարությունն այդ կարևոր գործում. «Էդ Հայաստանում կոռուպցիան իրեք-չորս հոգի՞ են արել. հարյուրավոր, հազարավոր մարդիկ են ներգրավված եղել, ինչի՞ հիմա նրանք չեն գնում և իրավապահ մարմինների հետ չեն համագործակցում, չեն ասում կոնկրետ տեղեր, չեն տալիս կոնկրետ փաստեր. ինչի կասկածում են, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ձև՞ ա»։

Դե ինչ, կարևոր է, որ «գործընթացը» սկսվել է, «դոնոսչիկների» պակաս չի զգացվում, իրավապահ մարմիններն էլ, օրինականության հուժկու հարվածի տակ չընկնելու համար, ջանում են՝ ինչպես կարող են։

Այդ մասին են վկայում մամուլում շրջանառվող լուրերի վերնագրերը՝ «Հին գործերին նոր թափ են հաղորդել», «Ինչո՞ւ Վիգեն Սարգսյանին հարցաքննության չեն կանչում», «Շոշափվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը», «Նոր բացահայտումներ» այսինչ գործով, այնինչ գործով և այլն։

Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ խոսք գնա «հնչեղ» անունների մասին։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, օրինակ, Վարդենիսի Վ.Համբարձումյանի անվ. մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Նիկողոս Գասպարյանի վրա են «կեղտ բռնել»՝ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գասպարյանը 9 տարի առաջ՝ 2009թ. օգոստոսի 31-ին, ինչ-որ մեկին ձևակերպել է որպես ուսանող և 5 տարի անց կեղծ տվյալների հիման վրա պատմաբանի դիպլոմ տվել։ Ի՞նչ պակաս բացահայտում է որ՝ հնչեղ անուն չէ, բայց չեղած տեղը կուտվի, ինչպես ասում են։

«Հնչեղներից» արժե հիշել, մասնավորապես, օրեր առաջ քննչական կոմիտեի կողմից «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին ներկայացված մեղադրանքը՝ «բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն»։ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում, բայց դա էական չէ՝ կարևորն այն է, որ «հերթը հասել է Ֆլեշին»՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկին։

Իսկ ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ քրեական գործը հարուցվել է Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրենի դիմում-բողոքի հիման վրա, որի գործունեության արդյունքում, ինչպես արձանագրել է քննչական մարմինը, 2015-ին ընկերությունը հսկայական վնաս է կրել՝ «կատարվել է խոշոր չափերի գույքի հափշտակություն»։ Ասել է թե՝ տուժող կողմը, որը փորձել է փոխհատուցել իր կրած վնասը (ըստ գործի նյութերի՝ կոմերցիոն տնօրենին ստիպել է գրավի տակ դնել բնակարանը և վճարել յուրացրած միջոցների մի մասը. խոսքը 20 հազար դոլարի մասին է, հայտնվել է մեղադրյալի, հափշտակող կողմը՝ մեղադրողի կարգավիճակում։

Բայց ամենահնչեղ բացահայտումները դեռ առջևում են։ Նախկիններին կախելու առաջամարտիկ «Ժամանակ» թերթը, իր էլեկտրոնային տարբերակով հանդերձ, «վերևից» է գալիս. իր առջև բարձր նշաձող է դրել՝ ամեն գնով երկրորդ նախագահին «քարշ տալ» դատարան, ընդ որում՝ ոչ միայն «Մարտի 1»-ի գործով (ապացուցողական բազան երևի «թույլիկ» է՝ մեկ էլ տեսար «չձգեց»), և անընդհատ «բզում» է Քոչարյանի դեմ «ատամ ունեցողներին», թե՝ շուտ արեք, քանի բանը բանից չի անցել՝ գործ տվեք երկրորդ նախագահի վրա։

Եվ, իր աղբյուրներին հղում անելով, աչքալուսանք է տալիս ընթերցողին, թե մի քանի «հայտնի գործարար» շունչը պահած սպասում են Քոչարյանի վերադարձին, որ վրան գործ տան՝ մեղադրեն «իրենց բիզնեսները խլելու մեջ»։

Այսպես «թափով»՝ գործ տվողների, գործ սարքողների և սուտ մատնագրերի ինստիտուտը խթանելով, կիլոմետրանոց քայլերով գնում ենք դեպի լուսավոր ապագա՝ պայքարելով կոռուպցիայի, անօրինականության և կազմակերպված հանցագործության դեմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ