Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հուլիսի 18-ին հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր: Նշենք, որ անցկացվել էին զորավարժություններ՝ առանց տեղի բնակչության տեղյակ պահելու:
Ալեքսեյ Պոլյուխովիչը նախապես ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է՝ նշելով, որ ընդունում են, որ թերացել են ու հավուր պատշաճի չի տեղեկացվել համայնքը: Անցկացնելու է ծառայողական քննություն և մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու:
Միջադեպի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի և ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջև հանդիպում կազմակերպելու համար:
«Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա լինի նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը կքննարկվի ռուսական ռազմաբազայի կողմից՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքին մոտ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելու հարցը»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը