Այլ շինարարական աշխատանքներին զուգահեռ այս օրերին Ամուլսարում տեղադրվում են նաև արտադրական ավազանների պաշտպանիչ շերտերը: Այս մասին հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
«Այս տարիների ընթացքում պաշտպանիչ համակարգը բազմիցս նկարագրել ենք կույտային տարրալվացման տեխնոլոգիան բացատրող փաստաթղթերում: Այսօր արդեն կարել է տեսնել, թե ինչպես են իրականացվում պաշտպանիչ շերտի տեղադրման աշխատանքներն արտադրական ավազանում: Արտադրության ընթացքում ցիանիդով և ոսկով հագեցած հեղուկը լցվելու է արտադրական ավազան: Ի թիվս այլ պաշտպանիչ շերտերի, ավազանն արտահոսքից պաշտպանված է լինելու երկշերտ գեոմեմբրանով: Ամուլսարում տեղադրվող գեոմեմբրանն արտադրված է Գերմանիայում:
Գեոմեմբրանի առաջնային շերտի հաստությունը 2 միլիմետր է, այս շերտի տակ տեղադրվում է լրացուցիչ՝ 1,5 միլիմետր հաստությամբ շերտ: Երկու շերտերի միջև տեղադրվում է նաև արտահոսքի հայտնաբերման և կուտակման դրենաժային ցանց՝ առաջնային շերտից արտահոսքի քիչ հավանական դեպքում դրա անմիջական հայտնաբերման և չեզոքացման համար: Գեոմեմբրանի շերտը տեղադրվում է տոփանված հողի շերտի վրա, որն իր հերթին պատվում է ջրամեկուսիչ շերտով: Այս համակարգերը տեղադրվում են արտահոսքը կանխելու նպատակով: Սրանք ամենաժամանակակից միջոցառումներն են, որոնք կիրառվում են կույտային տարրալվացման տեխնոլոգիան օգտագործող ժամանակակից հանքերում և այժմ տեղադրվում են նաև Ամուլսարում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը