Վրաստանի մայրաքաղաքում ավելի խիստ կհետևեն այն միկրոավտուբուսներին, որոնք կանոնները խախտում են և ուղևորներին կանգնած տեղափոխում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Sputnik-Գրուզիան», հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն՝ ուղևորների տեղափոխության կանոնների խախտումը պատժվում է 100 լարի (մոտ 40,8 դոլար) տուգանքով:
«Այս կապակցությամբ կարգավորումներ կան: Կարծում եմ, որ մենք պետք է ավելի խիստ լինենք կատարման իմաստով: Սա կրկին արվում է ուղևորների անվտանգության ապահովման նպատակով»,- լրագրողներին ասել է Կալաձեն:
Անցկացված աուդիտը պարզել է, որ Թբիլիսիում հին տեսակի քաղաքային ավտոբուսների 68 տոկոսը տեխզննում չի անցել, միկրոավտոբուսների՝ 48 տոկոսը: Կալաձեի խոսքով՝ նման տրանսպորտը շրջակա միջավայրն աղտոտում է և լուրջ վտանգ ստեղծում:
«Անհրաժեշտ է դրանք փոխարինել նոր՝ ժամանակակից տեսակի ավտոբուսներով: Երբ մենք սկսենք նոր ավտոբուսներ բերել, դեղին, այսպես կոչված, երթուղայինների տերերը ստիպված կլինեն մտածել իրենց ավտոպարկը թարմացնելու մասին»,- նշել է Կալաձեն:
Նշենք, որ նշված խնդիրները կան նաև Հայաստանում և հատկապես Երևանում՝ դրանք հավերժական ու անլուծելի են թվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը