«Հետք»-ը գրում է․
«Կաշառքը բոլոր ժամանակներում եղել է օրենքներն ու կարգերը շրջանցելու միջոց։ Այդպես է նաև այսօր։ Կաշառքով պաշտոնի են նշանակվում, բանակից ազատվում, թույլտվություններ ստանում և այլն։ Կաշառքով նաև մահացածների վերջին հանգրվանն է ընտրվում։ Ապօրինի վարձատրության դիմաց նաև վերահուղարկավորություն են անում՝ ավելի հարմար գերեզմանոց տեղափոխելով։ Այդ ճանապարհին չի խնայվում ոչինչ։ Հանգուցյալներին թաղում են մեկ այլ հանգուցյալի վրա, կամ՝անմիջապես կողքին։ Ջարդում և ոչնչացնում են անժառանգ կամ տասնամյակներ առաջ հուղարկավորված մարդկանց գերեզմանները, քարերը խառնում են հին ծաղկեպսակների և շինաղբի հետ՝ տեղ ազատելով նոր հուղարկավորության համար:
«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի գերեզմանատների տարածքները, դրանցում արձանագրված մի շարք հանցագործություններ, ծանոթացել է բազմաթիվ փաստաթղթերի, դատական գործերի, զրուցել պատասխանատուների հետ և պարզել է գերեզմանատների կառավարման ոլորտում առկա բացերը, որոնք պարարտ միջավայր են դարձել կոռուպցիոն դրսևորումների համար։
2018-2022թթ․-ն Երևանի «Քանաքեռի» գերեզմանատանը ապօրինի հուղարկավորությունների, գերեզմանաքարերի պղծման, մասնավոր անձանց պատկանող հողամասում թաղման, գերեզմանների վկայականների կեղծման, կաշառք պահանջելու և կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր են գրանցվել։
Գործերից մեկով մեղադրյալի աթոռին է հայտնվել գերեզմանատներից մեկի նախկին հսկիչը, որին վերագրել են «Քանաքեռի» գերեզմանատանը կատարված բազմադրվագ և տարատեսակ հանցագործություններ։ Իրավապահներն այդ հանցագործությունների և դրանք կատարողների մի մասին են բացահայտել։ Մյուսների ճակատագրերն անհայտ են։
Երևանի Հասրաթյան փողոց 9 հասցեում գտնվող «Քանաքեռի» գերեզմանատունը «մասնակի փակ» կարգավիճակ ունի։ Այստեղ սպառված են գերեզմանների տեղերը։ Կարելի է հուղարկավորություն կատարել միայն ընտանեկան գերեզմաններում, որտեղ որ ազատ տեղեր կան։ «Քանաքեռի» գերեզմանատանը նոր հողահատկացումներն արգելված են։
Հին գերեզմանների պղծում, տեղում նոր հուղարկավորությունների կազմակերպում
«Քանաքեռի» գերեզմանատան ընտանեկան գերեզմաններից մեկում 11 հանգուցյալ է կողք կողքի թաղված եղել։ Մահացածները հուղարկավորվել են տասնամյակներ, նույնիսկ՝ ավելի քան մեկ դար առաջ (օրինակ՝ 1912թ․-ին): Հանգուցյալների հարազատները, մի օր այցելելով գերեզմանատուն, տեսել են, որ իրենց հարազատներից 3-ի գերեզմանաքարերի փոխարեն նոր հողաթումբ կա՝ առանց ցուցանակի։ Նույն պահին գերեզմանոցում է եղել նոր հուղարկավորվածի հարազատը։ Բոլորը անակնկալի են եկել տեղի ունեցածից։ Հետագայում պարզել են, որ ավելի վաղ հանգուցյալների տապանաքարերը հանվել, կոտրվել և տեղափոխվել են «Քանաքեռի» գերեզմանատան այլ վայր, իսկ տարածքը հատկացվել է նոր մահացածի հարազատներին՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Պարզվել է, որ նոր հանգուցյալի համար հողահատկացումն իրականացրել է գերեզմանատան նախկին հսկիչը՝ 400 հազար դրամի դիմաց․ գումարի պահանջը ներկայացվել է որպես բետոնապատման և գերեզմանի բարեկարգման ծախս։ «Քանաքեռի» գերեզմանատանը հին գերեզմանների պղծման դեպք «Հետք»-ը արձանագրել էր նաև 2021 թ.-ին։
«Ամրագրված» և վերավաճառված գերեզմանատեղի
«Քանաքեռի» գերեզմանատանը 2020թ.-ից առաջ մի հողակտոր մետաղական ցանկապատով առանձնացվել և «պատկանել» է մի կնոջ։ Առանց որևէ իրավական հիմքի դա համարվել է նրա տարածքը, որտեղ հանգուցյալ չի հուղարկավորվել։ Գերեզմանատան նախկին հսկիչն այդ կնոջից, առանց որևէ փաստաթղթի, 1200 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել այսպես ասած գերեզմանը (այդտեղ հանգուցյալի աճյուն չի եղել)։ Հետագայում այդ դատարկ տարածքն ավելի թանկ գնով՝ 4000 ԱՄՆ դոլարով վաճառել է մեկ այլ անձի, որը ցանկացել է տվյալ գերեզմանատանն իր մահացած հարազատին հուղարկավորել։ Հուղարկավորությունը կատարվել է 2020թ․-ին։ Նմանատիպ «ամրագրված» և վերավաճառված գերեզմաններ Երևանի մյուս գերեզմանատներում էլ կան։
«Մասնակի փակ» ռեժիմով գերեզմանատանը նոր հողահատկացում է արվել
«Քանաքեռի» գերեզմանատան տարածքում և գերեզմանատան հարևանությամբ Երևան համայնքին պատկանող հողամասերում 2020թ․-ին մի շարք հուղարկավորություններ են կատարվել։ Քանի որ գերեզմանատունը հանդիսացել է «մասնակի փակ», և նոր հողահատկացումներ հնարավոր չեն եղել, գերեզմանատան նախկին հսկիչը գերեզմանի կեղծ վկայականներ է պատրաստել։ Այսպես, նոր մահացած մարդկանց հարազատներին տրվել է գերեզմանատեղիի քարտ, որտեղ կեղծ տվյալներ են ներառվել, թե իբր 1980, 1970 և այլ թվականներին նրանց հարազատներն են այդտեղ թաղած եղել, և թույլատրվում է նրանց գերեզմանների կողքին նոր հանգուցյալի հուղարկավորել։ Նմանատիպ դեպքերով գերեզմանատան նախկին հսկիչը մահացած անձանց հարազատներից պահանջել և ստացել է կաշառք։ Այդկերպ «մասնակի փակ» ռեժիմով գերեզմանատանը և գերեզմանատան հարակից, Երևան համայնքին պատկանող հողամասերում ապօրինի հողահատկացումներ են կատարվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը