Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ակնհայտ կեղծ տեղեկություն է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պնդելով, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը մոտ 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում, գրում է Factor.am-ը:
Ռոմանոս Պետրոսյանն այս թեմային անդրադարձել է պատասխանելվ հարցին, թե արդյո՞ք հեղափոխական արժեքների մեջ տեղավորվում է այն, որ Գարիկ Սարգսյանը կողմ է քվեարկել ինքն իրեն մեկ աշխատավարձի չափով պարգևատրելու որոշմանը։ Նման նախագիծ Վեդիի ավագանին քննարկել է 2024 թվականի վերջին նիստին, արդյունքում՝ Գարիկ Սարգսյանը ստացել է 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ։ «Եթե չտրամադրեր իրեն պարգևավճար, կասեի՝ կեցցե՛ս, Գարիկ ջան, բա դու ո՞նց ես ապրում ամսական 200 հազար դրամ աշխատավարձով»,- ի պատասխան ասել էր Ռոմանոս Պետրոսյանը։
Ռոմանոս Պետրոսյանի պնդումը, թե Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 200 հազար դրամ է, սխալ է։ Factor.am-ն ուսումնասիրել է Վեդի համայնքի ավագանու ընդունած որոշումները և պարզել, որ համայնքի ղեկավարի աշխատավարձն՝ այս դեպքում Գարիկ Սարգսյանինը, կազմում է 590 հազար դրամ։ Ավագանին այս որոշումն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը