09 01 2025

236 մլն եվրո վարկ․ կառավարության՝ այս տարվա առաջին «նվերը» ժողովրդին

236 մլն եվրո վարկ․ կառավարության՝ այս տարվա առաջին «նվերը» ժողովրդին

 

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2024թ. նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը՝ 236 մլն եվրո գումարի չափով: Վարկի համաձայնությւոնը ներառված է կառավարության այսօրվա՝ հունվարի 9-ի նիստի օրակարգում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը։ Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ 

  1. Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ)՝ 27.1 կմ  երկարությամբ,
  2. Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ,
  3. Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ: 

Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում` ամրացված կողնակներ),  3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ (Ծրագրի թունելի հատվածը կֆինանսավորվի առանձին)։

Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի Ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցումը։ Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ. դեկտեմբերը (շինարարության ավարտ՝ 2031թ. դեկտեմբեր, որակի երաշխիքային ժամկետ՝ 2033թ. դեկտեմբեր)։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ