09 01 2025

Շաբաթ-կիրակի սոցցանցերում Հայաստանից ավելի քիչ նկար են դնում, քան Եվրոպական մայրաքաղաքներից․ Փաշինյան



«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է առաջացնում»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով նման վիճակի պատճառներին՝ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին 5 տարիներին ՀՀ-ից դեպի ԵՄ հոսքը «պատիկներով և անգամներով» ավելացել է։

«ԵՄ դեսպաններն ասում են, որ իրենք միջնաժամկետ և երկարաժամկետ պլաններ ունեն և իրենց կարողություններն այդ կանխատեսումների համաձայն են իրականացնում այս կամ այն երկրում»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «ԵՄ գործընկերներն ասում են, որ այն հոսքը, որը կա Հայաստանից դեպի ԵՄ, բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավել են»։

Նշելով, թե մարդիկ հարց չեն տալիս, թե ինչու է, որ ՀՀ քաղաքացիները հարյուրավոր տոկոսներ ավել սկսեցին ուղևորվել ԵՄ՝ Փաշինյանն ինքն էլ պարզաբանեց. «Եթե մենք չասենք՝ ուրիշ ոչ մեկը չի ասի։ Սա մի քանի բանի նշան է։ Ինչքան էլ մեզ քննադատեն, այն համարեն մեր խոցելի տեղը՝ առաջինը սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է։ Ինչքան էլ մենք սխալվել ենք, ընկել, ձախողվել ենք, բացթողումներ ենք ունեցել, բայց մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ։ Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք, կամ ճաշենք հետ գանք՝ կգնանք Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել։ Սրա մեջ չափազանցություն չկա»։

Նա հայտարարեց, որ դրանում կարելի է համոզվել սոցիալական ցանցերում հանգստի օրերին քաղաքացիների հրապարակած լուսանկարներից։

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացիները Եվրոպա են գնում, որովհետև նաև գումար ունեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ