Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։
47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։
Սահմանվել է հերթապահություն։
Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։
Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։
Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։
Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ու փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը։
Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին։
Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան․ ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել է հերթապահություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը