17 10 2024

Գեղարքունիքում գայլերը մտել են գյուղ և հոշոտել գյուղացու 100-ից ավելի մայրացու ոչխարներին

Գեղարքունիքում գայլերը մտել են գյուղ և հոշոտել գյուղացու 100-ից ավելի մայրացու ոչխարներին

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերել է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած:

Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մ. Հակոբյանն ասել է.
 
«Սովորության համաձայն, ամեն առավոտ էս ժամին մտնում եմ գոմ, որպեսզի զբաղվեմ գառների խնամքով՝ արածեցնել, կեր տալ, ու, ճիշտն ասած, մտքովս չէր անցնի, որ հնարավոր է՝ գայլերի կողմից նման սպանդ իրականացվեի: Սա 1 կամ 2 գայլի բան չի, վարկ ենք վերցրել ու զբաղվում էինք էս գործով ու հիմա չգիտենք՝ ում դիմենք: 200-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներ կան, 100-ից ավելիին հոշոտել են, մի քանիսն էլ վիրավոր են. էդ վիրավորները հաստատ չեն ապրի:

Երևի նման բան անգամ երազում չէի տեսնի: Ուզում եմ հավատալ, որ Գեղարքունիքի մարզպետարանը, ինչի չէ՝ նաև կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն։ Մեր ընտանիքի ապրուստի միջոցն էր սա, չհաշված հազիվ ծերը ծերին հասցնում, վարկերն էինք փակում։ Հիմա բանկը գոնե մի 2 տարով վարկերը սառեցնի, մինչև տեսնեմ՝ գլխիս ինչ է գալիս»:  

Գյուղացիներն էլ նշում էին, որ ուրախ կլինեն, եթե, իրոք, կառավորությունն ու մարզպետարանն էս ընտանիքին օգնեն, քանի որ քրտինքով ապրող, արդար վաստակող ընտանիք է, ու այս դեպքից հետո չպետք է նրանց միայնակ թողնել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Հակոբյանին պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ