168.am-ը գրում է․ Անցած օրերին տեղի ունեցան առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող մի քանի իրադարձություններ, որոնք իրականում կապված են օրգանական, դիալեկտիկական, գաղափարական կապով։ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում երկու գրառում կատարեց, իսկ այդ գրառումների միջև ընկած ժամանակահատվածում հայտնի դարձավ, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է տրանգենդերների գեղեցկության մրցույթին, որում մեր երկիրը ներկայացնելու է որևէ Դինուլ։
Խնդիրն ամենևին այն չէ, որ վերջինս, ըստ տարբեր հրապարակումների, մոլի փաշինյանական է, դա այս անկապ կապվածությունների մակերեսային համընկնումն է, որը տեսանելի կլիներ անգամ տրանսգենդերի՝ ազգայնական լինելու պարագայում։
Բանն այն է, որ իր հերթական գրառումներով Նիկոլ Փաշինյանն ավելի է սրում իր իսկ ստեղծած Հայրենիք-Պետություն հակադրությունը, ծաղրում հայրենասիրությունը և փառաբանում բարեկեցությունը, որի տարրերն են, ըստ նրա, «լավ ապրուստը», «ազատությունը», «անվտանգությունը»։
Նա ասում է․ «Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով: Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի՝ արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե՞ խնջույքն ավարտվել է, կենացը՝ մոռացվել..․»:
Այսինքն՝ Փաշինյանը շարունակում է իր այն հետևողական գիծը, որի համաձայն՝ պետությունն ընդամենը լավ ապրելու, կուշտ ուտելու վայր է, որը, ստամոքսային պահանջմունքները բավարարելուց զատ, ապահովում է նաև ազատություն։ Իսկ ազատությունը, նյութական, «լավ ապրուստի» կաղապարով, բնականաբար, ոչ թե մտքի, գաղափարի, ստեղծագործական ազատությունն է, այլ, առաջին հերթին, մարմնականը։
«Կուշտ ստամոքս, բավարարված սեռական պահանջմունքներ». ուղիղ չի ասում, բայց իրականում հենց սա է քարոզում Նիկոլ Փաշինյանը։
Եվ հենց այս գաղափարախոսության–քաղաքականության հետևանքը պետք է լինի տրանսգենդերի մասնակցությունը միջազգային մրցույթին, որը, բնականաբար, ունենալու է նաև քաղաքական նշանակություն՝ որևէ Դինուլի ներկայությունը վկայելու այն մասին, որ նրա ներկայացրած երկիրն ազատ է տրանսգենդերության աստիճանի։
Ի դեպ, նշենք, որ նշյալ Դինուլը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք ինքը չէր մասնակցի նման մրցույթի և միջազգային հարթակներում չէր ներկայացնի Հայաստանը, որովհետև նախկինների օրոք տրանսգենդերային համայնքը չէր խրախուսվում:
Այսպիսով, կենացը հերկել ցանկացող Նիկոլ Փաշինյանն իր այլասերված մտայնությունը վերագրելով հասարակությանը՝ հայտարարում է, թե մեր ժողովուրդը վաղուց կատարել է իր ընտրությունը՝ հօգուտ «իրական Հայաստանի»՝ հրաժարվելով «պատմական Հայաստանից»։ Նա նաև ներողություն է խնդրում այն բանի համար, որ միայն հիմա է դա հասկացել։ Ընդ որում, Փաշինյանի այս գրառումից ուշադրության արժանացավ առավելապես այդ՝ ներողության հատվածը, իրար հերթ չտալով՝ բոլորն արտահայտվեցին, թե այսքան աղետից ու մահից հետո նա լկտիաբար ներողություն է խնդրում «իրական Հայաստանի» կարևորությունն ուշ հասկանալու համար։ Եվ, ինչպես միշտ, հանրային դիսկուրսը գնաց սխալ ուղղությամբ՝ ամենասուր քննադատությամբ ու հայհոյանքով հանդերձ՝ ծառայելով Նիկոլ Փաշինյանի իսկ նպատակներին։
Շատ քիչ ասվեց կամ գրեթե չասվեց, որ բոլոր այդ աղետներն ու զոհերը տեղի են ունեցել հենց նրա համար, որ այսօր Փաշինյանը տարփողի «լավ ապրուստը»։ Ստամոքսը հայրենիքին հակադրելու այս այլասերվածությունը նոր չէ, շարունակվում է արդեն տևական ժամանակ։ Եվ արվում է համակարգային կերպով։ Պատահական չէ, որ հայրենիքի մասին կենացները ստուգելու/հարկելու փաշինյանական ցնդաբանությունից հետո որպես ինտելեկտուալ ներկայացող նրա պալատական մի սազանդար առաջարկում էր ընդհանրապես քրեականացնել հայրենասիրությունը։
Եվ իսկապես, տրանսգենդերը հայրենիք չի կարող ունենալ, որովհետև հայրենիքը նաև ավանդույթների ու արգելակների համախումբ է, իսկ կամայական Դինուլին պետք է կատարյալ ազատություն։ Մարմնական ազատությունը հայրենիքի հետ անհամատեղելի է։ Հայրենասերների ու տրանսգենդերների միջև Հայաստանի իշխանությունն ընտրել է երկրորդներին։
Բայց խնդիրը շատ ավելի խորքային է, քան իշխանությունը պահպանելու նպատակով աշխարհաքաղաքական այս կամ այն բևեռին հաճոյանալու համար մոդայիկ թրենդին տուրք տալու ապազգայնությունը։ Եթե այդ խնդիրը լուծվեր ազգայնականությամբ, Փաշինյանն իր լայվերը կաներ տարազով ու ոլորած բեղերով։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդը վաղուց ընտրել է «իրական Հայաստանի» հայեցակարգը։ Կարելի է, իհարկե, ասել, թե նա սովորության հանգույն ստում է, մանիպուլացնում է, խաբում է։
Բայց իրականությունն այն է, որ նույն այդ ժողովուրդը՝ գլոբալ իմաստով և որևէ դրսևորմամբ (էլիտաներ, մտավորականություն, քաղաքական պայքար և այլն), հակառակի նշաններ ցույց չի տալիս և Փաշինյանի «համոզմունքը» որևէ կերպ չի հերքում։ Դրա արտահայտման ձևը, իհարկե, այն չէ, որ լայն զանգվածները լցվեն հրապարակներ ու հայտարարեն, թե իրենք ընտրում են պատմական Հայաստանը։ Հասարակությունը, ժողովուրդը բազմաշերտ, բազմագործոն գոյացություն է, որի հազարավոր անդամներ, օրինակ, տարբեր կարգավիճակներով՝ մաս են կազմում այս իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանը շուրջ երկու տարի զբաղված է այս հակապետական քարոզչությամբ, և մենք չենք լսել գեթ մեկ օրինակ ու չենք կարդացել մեկ հաղորդագրություն այն մասին, որ պետական համակարգում աշխատող ամենացածրաստիճան որևէ ծառայող աշխատանքից ազատման դիմում է գրել միայն այն պատճառով, որ չի կիսում Հայրենիքն ու պետությունը հակադրող իշխանության տեսակետը։ Հակառակը, հենց վերջերս ականատես եղանք ցցուն օրինակի, երբ արդարադատության մի փոխնախարարուհի հրապարակավ մեղա եկավ այն բանի համար, որ ժամանակին լուսանկարվել էր Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին։
Խնդիրն այս դեպքում ոչ Քոչարյանն էր, ոչ էլ, առավել ևս, գիրքը, այլ նախկին իշխանությունների օգնությամբ կարիերան հարթած փոխնախարարուհու մեղայականի մեկ նախադասություն․ «Իմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը, Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը»։
Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդի վերաբերմունքի չափման ցուցանիշներ են ոչ թե իր հասցեին հնչող, որպես կանոն, արարողակարգային քննադատությունները, որոնց հեղինակների մեծ մասի համար դա աշխատանքային պարտականություն է, այլ պետական կառավարման համակարգում ներգրավված հազարավոր ծառայողների լռությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նման ստրկամիտ հայտարարություններն իրական Հայաստանի մասին։
Իրականությունն այն է, որ բացառված չէ՝ ամենատարբեր գործոնների, առաջին հերթին՝ երկարատև ու ցածրարժեք քարոզչության արդյունքում ժողովուրդն իսկապես էլ «լավ ապրուստը»՝ բնազդային ցանկությունները, գերադասում է աննյութական արժեքներից՝ արժանապատվությունից մինչև հայրենիք։ Բայց եթե անգամ այդպես է, դա ամենևին չի նշանակում, թե որևէ իշխանություն պետք է իրացնի ժողովրդի բնազդային ցանկությունները։ Դա ժողովրդավարության մակերեսային, պոպուլիստական ընկալում է, որը ծառայում է այդպիսի իշխանություններին։
Իրականությունն այն է, որ պետությունները, դրանց վերնախավերը հենց նրա համար են, որպեսզի իրականացնեն ժողովրդի՝ պետության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ցանկությունները, իսկ եթե այդպիսիք չկան կամ հակառակն են՝ գեներացնեն այնպիսի ցանկություններ, որոնք պետության և ոչ թե՝ ապրուստի մասին են։
Դեռ 2019-ին Նիկոլ Փաշինյանն իր հերթական տափակ բանաստեղծությամբ Հայաստանը ներկայացնում էր՝ որպես խորոված ուտելու հավաքատեղի․
«Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում, Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում․․․»։
Նա արդեն 6 տարի շարունակ զբաղված է Երկիր Նաիրիի այլասերված ընկալմամբ Հայաստանը «երկիր խորովածանոց» դարձնելու իր ծրագրի իրագործմամբ ու դեռևս հաջողում է նաև այն պատճառով, որ նրա դեմ պայքարողներն առավելագույնը հանրությանն անհույս կերպով փորձում են բացատրել, որ խորոված ուտելն ամոթալի է, կամ, որ ՔՊ-ական իշխանությունը ստորաբար ավելի շատ խորոված է ուտում, իսկ իրենք, ահա, իշխանության գալու դեպքում խորովածը կբաշխեն արդարաբար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը