22 08 2024

20 դրամը, որ տաքսու վարորդները պետք է վճարեն, այդ 20 դրամով պետք է ճանապարհներ կառուցվեն. Փաշինյան

20 դրամը, որ տաքսու վարորդները պետք է վճարեն, այդ 20 դրամով պետք է ճանապարհներ կառուցվեն. Փաշինյան

Կառավարության որոշմամբ, կատարվել են լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» N 922-Ն որոշմամբ սահմանված հավելվածում: Համապատասխան որոշումը կայացվել է Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում։

ՀՀ կառավարության 08․06․2023թ․ N922-Ն որոշմամբ սահմանված է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։ Կարգի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակից ներկայացվում է «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման» դիմում։ Դիմումը ներկայացնելուց հետո հարկային մարմնի տեղեկատվական համակարգը դիմողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար։ 

Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառումը պարզեցնելու նպատակով նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա ֆիզիկական անձինք հաշվառվելու են հարկային մարմնում։ 

Որոշմամբ նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկության հիման վրա։

Էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառման գործընթացը կառավարության նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ԱԺ-ն ընդունել է համապատասխան օրինագիծը։

«Կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվելու հարկային մարմնում։ Նախ, ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնելու, ոչ մի գործողություն չպետք է կատարեն։ Էլեկտրոնային հարթակներն իրենք են հարկային մարմնին փոխանցելու վերջիններիս տվյալները և ինքնաշխատ եղանակով ստանալու հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և յուրաքանչյուր պատվեր ընդունելիս ու ավարտելիս ինքնաշխատ գեներացվելու է ՀԴՄ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է անհատ վարորդներին, ապա ինչպես նշեց ՊԵԿ նախագահը, նրանք կարող են գրանցվել հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ

«Մեքենայի մեջ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում չի ենթադրում, էլեկտրոնային ՀԴՄ-ն իրենից ներկայացնում է հավելված, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդն ինքը կարող է գեներացնել»,- հավելեց Բադասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին՝ ինչ պետք է անեն անհատ տաքսու վարորդները, Բադասյանը պատասխանեց, որ վարորդը կարող է օգտվել «Ես եմ» էլեկտրոնային համակարգից, որի հավելվածը հասանելի կլինի սեպտեմբերի 1-ից։ Դիտարկմանը՝ եթե վարորդը չունի հավելվածը, ապա ինչ քայլեր պետք է ձեռնարկի, Բադասյանը նշեց, որ Հարկային օրենսգրքով սահմանված մյուս կարգը գործելու է, ուստի վարորդը կարող է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել հարկային մարմին՝ մոտենալով ՊԵԿ սպասարկման սրահ։

«Պարզ է, որ որոշակի դժգոհություններ լինելու են, բայց ես էլի ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք մեր ռազմավարությունների և հայեցակարգերի տրամաբանությամբ: Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի և այո՛, պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ տաքսու վարորդներն օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցություն ունենան։ Որովհետև այդ 20 դրամը, որ իրենք պետք է վճարեն, այդ 20 դրամով պետք է ճանապարհներ կառուցվեն, երթևեկության անվտանգությունն ապահովվի, իրենց համար հաճախորդներ ապահովենք և այդպես շարունակ։ Դա շատ կարևոր է, և մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»,- ուղևորափոխադրման ծառայության որակի հսկողության, լիցենզավորման գործընթացի պարզեցման, սակայն միաժամանակ որակի չափանիշների պահպանումը խստացնելու հետ կապված հարցերի շուրջ ծավալված քննարկումից հետո ասաց Փաշինյանը՝  հանձնարարելով որոշման հետ կապված անհրաժեշտ իրազեկման արշավներ կազմակերպել և հնարավորինս տեղեկացնել հանրությանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ