«Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ ոստիկանությունում ստացված հաղորդումների համաձայն՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել է մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլարի չափով գումար։ Հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 28 դեպք:
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը