12 06 2024

Ինչպես «հրաշքով» աճում էր, այնպես էլ «հրաշքով» աճն անհետացավ․ 168.am

Ինչպես «հրաշքով» աճում էր, այնպես էլ «հրաշքով» աճն անհետացավ․ 168.am

168.am-ը գրում է․ Վերջին ամիսներին արդյունաբերության մեջ արձանագրվող ոսկերչական արտադրատեսակների արտադրության անգամներով աճերը, որոնք շատերի մոտ տարակարծությունների տեղիք էին տվել, ամբողջությամբ զրոյացել են։ Տարվա կտրվածքով, ոլորտում անկում է գրանցվել։ Պաշտոնական վիճակագրության տվյալներից, նույնիսկ նախկին աճերն են «անհետացել»։


Վերցրել են ու ջնջել, կարծես չի էլ եղել։

Խոսքն այն աճերի մասին է, որոնք դարձել էին Հայաստանի այս տարվա՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության աճերի հիմքը։


Ու մինչ շատերը թերահավատորեն էին վերաբերվում այդ աճերին, իշխանությունները ճգնում էին ապացուցել, թե ոսկեգործության մեջ հեղափոխական զարգացումներ են տեղի ունեցել, նոր հզորություններ են գործարկվել, ինչն էլ նպաստել է ոլորտում նման բարձր աճերի արձանագրմանը։

Հիմա տեսնում ենք, թե ինչքանով է այդպես։

Սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ, ոսկեգործության բաժնում նախկինում ներկայացվող աճերն այլևս չկան, ամբողջությամբ հօդս են ցնդել։

Ապրիլին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը նախորդ տարվա համեմատ նույնիսկ նվազել է։ Թողարկումը կազմել է հազիվ 5,8 մլրդ դրամ։

Տարեսկզբի առաջին չորս ամիսներին էլ ոսկեգործության ճյուղում, պաշտոնական վիճակագրության «վերանայված ու նորացված» տվյալներով, արտադրվել է ընդամենը 21,7 մլրդ դրամի ապրանք։

Սա այն ոսկեգործությունն է, որտեղ պաշտոնական վիճակագրությունը հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 11,3 անգամով, փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ 12,2 անգամով, մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ 12,1 անգամով աճեր էր գրանցել։ Հունվարին արտադրության ծավալները կազմել էին գրեթե 47 մլրդ դրամ, փետրվարին՝ 72,1 մլրդ դրամ, մարտին՝ 72,3 մլրդ դրամ։

Մինչև ապրիլյան վերանայումները, առաջին եռամսյակի արդյունքներով ոսկեգործության ոլորտում պաշտոնական վիճակագրությունը, նախորդ տարվա համեմատ, 11,9 անգամով աճ էր գրանցել։

Երեք ամիսներին արտադրության ծավալները կազմել էին 191,4 մլրդ դրամ։

Արդեն չորս ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել են ընդամենը 21,7 մլրդ դրամ։

Տրամաբանությունից դուրս է, բայց 8,8 անգամով ավելի քիչ, քան երեք ամիսների ցուցանիշն էր։

Տարեսկզբի առաջին երեք ամիսներին արտադրության ծավալները եղել էին 191,4 միլիարդ, չորս ամսում դարձել են 21,7 միլիարդ։

Գրեթե 170 միլիարդով պակաս, քան երեք ամիսներին արձանագրված ցուցանիշն էր։

Ինչպես մի «հրաշքով» ոսկեգործությունը մինչև վերջերս անգամներով աճեր էր գրանցում, այնպես էլ նույն «հրաշքով» այդ աճերը չքացել են։

170 միլիարդի արտադրանքը, որը նախկինում ցույց էր տրվում՝ որպես ոսկերչական արտադրություն, անհետացել է, չկա ոսկեգործության ցուցանիշների մեջ։

Առաջին հայացքից թվում է, թե վրիպակ է եղել։ Բայց ոչ, ոչ մի վրիպակ էլ չկա։

Այն, ինչ նախկինում ցույց էին տալիս՝ որպես ոսկեգործության արտադրանք, հիմա որոշել են ցույց տալ՝ որպես այլ արտադրանք։ Ոսկեգործությունից հանել, տեղափոխել են մեկ այլ արտադրանքի անվան տակ։

Ոսկու հայտնի շարժերը, երբ մի երկրից ապրանքը բերում ու տեղափոխում են մեկ այլ երկիր և դա ներառում Հայաստանի տնտեսության ցուցանիշների մեջ, ամբողջությամբ մնացել է։ Պարզապես աճպարարություն են արել. փորձել են թաքցնել ոսկու շարժը, որպեսզի դրսում, գուցե նաև ներսում չտեսնեն, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ։

«Ոսկու տենդ» կոչվածը՝ վերջին շրջանում շատ քննարկվեց ու քննադատվեց։ Այդ երևույթի հետ կապված արտաքին ռիսկերը բավական շատ են։ Դա էլ հավանաբար անհանգստացրել է իշխանություններին։ Որպեսզի ոսկու շրջանառությունն այդպես ցցուն չերևա, ոսկեգործական արտադրատեսակների արտադրության տակ վերջին ամիսներին ցույց տրվող գործունեությունն արհեստականորեն մեկ այլ տեղ են տեղափոխել։

Ոսկին՝ ոսկեգործությունից հանել, տարել հիմնային մետաղների արտադրության մեջ են ներառել։

Ու դա այնքան փնթի են արել, որ ոչ մի ցուցանիշ մյուսի հետ չի բռնում։

Ակնհայտորեն շտապել են՝ նախկին ցուցանիշներն էլ չեն հասցրել վերանայել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար-մարտին հիմնային մետաղների արտադրությունը կազմել էր 33,9 մլրդ դրամ։ Ապրիլին թողարկվել է ևս 37 միլիարդի արտադրանք, որի մեջ մտնում է նաև ոսկին։

Չորս ամսում ստացվում է 70,9 մլրդ դրամ։

Բայց պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ հիմնային մետաղների արտադրության ոլորտում հունվար-ապրիլին թողարկվել է 246,4 մլրդ դրամի արտադրանք։ Նախորդ տարվա համեմատ՝ 4,6 անգամով ավելի։

Որտեղի՞ց ծագեց այս աճը մեկ ամսվա ընթացքում, երբ առաջին եռամսյակում նույնիսկ շուրջ 11 տոկոսի անկում կար։

Ապրիլին 37 միլիարդի արտադրանք է թողարկվել, բայց առաջին եռամսյակի ցուցանիշը 212 միլիարդով ավելացել է։

Ավելացել է ոսկեգործության նախկին աճերի հաշվին, որոնք վերցրել տեղափոխել են՝ հիմա էլ հիմնային մետաղների արտադրության ցուցանիշների մեջ։

Իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ոնց վարվեն իրենց աճպարարությունների հետ։

Չեն էլ բարեհաճել բացատրել, թե ինչպե՞ս եղավ, որ ամիսներ շարունակ նույն ապրանքը համարում էին ոսկեգործական արտադրատեսակ, հիմա դարձավ հիմնային մետաղների արտադրություն։

Սրանից, իհարկե, Հայաստանի տնտեսության էությունը չի փոխվում, անկախ նրանից՝ Հայաստանով տեղափոխվող ռուսական ոսկին ոսկերչակա՞ն, թե՞ հիմնային մետաղների արտադրության տակ կներկայացվի։

Այս ամենի նպատակը, թերևս, մեկն է՝ ոսկու շարժերը թաքցնելը։ Մի բան, ինչը բխում է իշխանության և իշխանական շրջանակների շահերից։

Հիշեցնենք, որ «ոսկու տենդը» կապվում է իշխանությանը սերտաճած հայտնի գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ։

Ոսկու այս շարժերի արանքում մեծ, շատ մեծ գումարներ են պտտվում, որոնք հայտնի ու անհայտ ճանապարհներով մտնում են որոշ մարդկանց գրպաններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ