03 05 2024

Գլխավոր դատախազի համար պատերազմում պարտության պատճառը պաշտոնյաների կանանց առևտուրն է քաղաքներում

Գլխավոր դատախազի համար պատերազմում պարտության պատճառը պաշտոնյաների կանանց առևտուրն է քաղաքներում

Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, և ՔԿ-ն առանձին տարածեց, որ ևս մեկ վարույթ է նախատեսված այդ բռնի տեղահանման հետ կապված միջազգային բնույթի հանցագործությունների հիմքով: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

 

«Երկու վարույթն էլ հրապարակային քննարկման չեն, որովհետև դրանց մասով գաղտնիության ռեժիմ է սահմանված, որոշակի անձանց հետ կապված գործողություններ են իրականացվում, որոնք հրապարակայնացման ենթակա չեն»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը հետաքրքրվեց՝ արդյոք գլխավոր դատախազի պաշտոնավարման ընթացքում հետևություններ արվե՞լ են 44-օրյա պատերազմի ընթացքի և դրան գնահատական տալու, քրեական վերահսկողության շրջանակում դատախազական վերահսկողության վերաբերյալ:

«Դա ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի և հետո նաև՝ որպես գլխավոր դատախազ: Շատ դաժան դաս էր, որից երեք գլխավոր հետևություն ենք քաղել:

Առաջինը՝ զինվորական դատախազության մասով լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում, ընդլայնում ենք զինդատախազների թվաքանակը և պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա որոշակի պրոցեսների սպասարկու, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով պրոցեսներին հետևել:

Նաև կանխարգելման տեսանկյունից զինվորական դատախազությունն այցելելու է զորամասեր, ես ինքս էլ եմ գնում: Նպատակը ոչ թե ահաբեկելն է, այլ բացատրելը, որ ամեն արարք առաջացնում է հետևանք, և մեր նպատակն է, որ բանակում ոչ թե հետևանքները կանխենք, այլ նախականխենք և թույլ չտանք, որպեսզի զինծառայողների մոտ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի:

Բացի դրանից՝ մենք բազմաթիվ միջնորդագրեր ենք ուղարկում: Ես ինքս պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով, նաև ներկայիս կոռուպցիոն դեպքերով գրում եմ»,- ասաց նա:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ 44-օրյայի յուրաքանչյուր գործ հետևողականորեն ուղարկվում է դատարան, թեև շատ չի լուսաբանվում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և չազդի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա:

«Վստահեցնում եմ, որ բոլոր գործերը՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, որոնք կապված են հատկապես հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, հետևողականորեն ուղարկվում են դատարան, և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք ունի, և դատախազությունը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանն արձագանքեց, որ մեր երկրում թյուրընկալում կա, որ պատերազմի համար պատասխանատու է միայն բանակը, այնինչ պատասխանատու են իշխանության բոլոր թևերը. «Իմ հարցը վերաբերում է պատերազմի ժամանակ իշխանության բոլոր թևերի իրենց պարտականությունների կատարմանը»,-ասաց ընդդիմադիր պատգմավորը:

Վարդապետյանն էլ նշեց, որ այո, թիկունքը շատ կարևոր է և այս առումով դատախազությունը հատկապես կոռուպցիոն հանցագործություններին է մեծ ուշադրություն դարձնում. «Յուրաքանչյուր կոռուպցիոն դրսևորում դա զրկում է բանակին հնարավորությունից ունենալու էլ ավելի մարտունակ զենք, էլ ավելի լավ պատրաստվածություն, էլ ավելի բարձր նյութական ապահովություն։

Ինձ՝ որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, երբ ես, օրինակ, պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում։ Դա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ