24 04 2024

Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության և անգործության պայմաններում: Բռնի տեղահանվեց, հայրենազրկման, զանգվածային կոտորածների ենթարկվեց մեկուկես միլիոն հայ, ոչնչացվեց հազարամյակներով ստեղծված հայկական ժառանգության զգալի մասը: Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ ծանրագույն հանցագործությունը:

Անցյալ դարասկզբի առաջին և անպատիժ ցեղասպանությունն այդպիսով ծնեց մարդկության դեմ ուղղված հետագա նոր հանցագործություններ. աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ էթնիկ զտումների, այլատյացության ու ցեղասպանության դեպքերը, ցավոք, այլևս իրողություն են:

Ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի և նրան անթաքույց, ամեն կերպ սատարող Թուրքիայի ջանքերով հազարամյակների իր բնօրրանից բռնի տեղահանվեց 140 հազարից ավելի հայ, նրանցից ոմանք ճանապարհին անմարդկային պայմաններում մահացան քաղցած, հիվանդ, ուժասպառ ու հուսահատ: Բռնագաղթից առաջ արցախահայությունը շուրջ մեկ տարի պատերազմի ամենօրյա սպառնալիքի պայմաններում դիմակայեց համատարած շրջափակման, հումանիտար ճգնաժամի դաժան պայմաններին: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում անպատիժ ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը:

Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի:

Խաղաղություն չի´ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է:

Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար:

Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը և պահանջում Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում:

Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ