Հայաստանի ազգային ժողովը չընդունեց ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծն իրենց խմբակցությանը փոխանցվել է փակ նիստից 1–2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել: «Բացի այդ՝ հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»,–ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան: «Նկատի ունենալով, որ մեծամասնությունը չի քվեարկելու, տեղեկացնում ենք, որ այսօր այն կդրվի նաև պաշտոնական շրջանառության մեջ, մեծամասնությանը հնարավորություն կտրվի առավել ակտիվ աշխատել այդ նախագծի մասով»,–ասաց նա:
Հայտարարության նախագիծը քվեարկության ստացավ 31 կողմ, 1 դեմ ձայներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը