01 04 2024

Արցախը հանձնած Կառավարությունը 5 մլն դոլար է ստանալու դրսից՝ Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար․ 168.am

Արցախը հանձնած Կառավարությունը 5 մլն դոլար է ստանալու դրսից՝ Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար․ 168.am

168․am-ը գրում է․ Արդեն բոլորի համար ակնհայտ է և տեսանելի՝ Արցախն Ալիևին հանձնած Փաշինյանը Հայաստանի Կառավարության՝ ուղիղ հեռարձակվող նիստերը վերածել է Արցախի մեր հայրենակիցներին փող տալու գործին նվիրված նիստերի։

Արցախցիներին տրված ամեն հազար դրամի համար Փաշինյանը խոսում է շատ երկար, մեկ նիստի ընթացքում տասնյակից ավելի անգամ փորձում ցույց տալ, թե ինքը մեծ մարդասեր է, իսկական պետական առաջնորդ, որը հոգ է տանում փախստական դարձած ամեն հայի կյանքի, դրա որակի, սննդի, կրթության և այլ հարցերի համար՝ դրանց համար վճարելով ՀՀ պետական բյուջեից։ Այն դեպքում, որ արցախահայությունը տնազուրկ և հայրենազուրկ է դարձել նաև Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով:

Բայց կա նաև մեկ այլ, շատ կարևոր հանգամանք: Փաշինյանը ոչ միայն իրեն ազատել է իր համար գլխացավանք համարվող Արցախից, այլև Արցախին ՀՀ պետական բյուջեից միջպետական վարկ տալուց: Չնայած դրան, ՀՀ Կառավարությունը հիմա էլ աշխարհից է փող ստանում՝ Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու համար։

Աշխարհի տարբեր երկրներ շտապում են հսկայական գումարներ ուղարկել ՀՀ Կառավարությանը, որպեսզի Արցախը հանձնածները հոգան փախստականների կարիքները։

Ուշագրավ է, որ դրսից ստացված և ստացվելիք գումարների մասին այս Կառավարությունը լռում է. Փաշինյանը նախընտրում է այլոց տված փողով արված աշխատանքն իրեն վերագրել, ներկայացնել՝ որպես իր «մեծահոգության», բարի կամքի դրսևորում՝ ընդհանրապես չխոսելով դրսից ստացված հսկայական օգնությունների մասին, որոնք իրականում բավականին շոշափելի են։

Օրինակ՝ միայն Ճապոնիան 2023թ.-ին պատրաստակամություն է հայտնել 2 մլն ԱՄՆ դոլարի անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել Հայաստանի Կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման նպատակով։

Ավելին՝ առաջիկայում նախատեսում է՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջոցով Հայաստանում իրականացնել մոտ 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Աջակցություն ԼՂ-ից փախստականներին և Հայաստանի համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագիրը:

Ստացվում է՝ միայն ՄԱԿ-ի և Ճապոնիայի պարագայում 5 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվում ՀՀ Կառավարությանը, իսկ Արցախի մեր հայրենակիցներին աջակցող երկրների թիվն այսքանով չի սահմանափակվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ