Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաների և աշխատակիցների նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան փողոցում բնակիչները ամանեղեն և ջուր են նետում մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Արդեն ժամը 12։50-ի սահմաններում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որ Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ ծառահատման աշխատանքներ են իրականացնում Երևանի քաղաքապետարանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որի ժամանակ մի քաղաքացի վիրավորանքներ և հայհոյանքներ է հնչեցրել ՀՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։
Կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿԱԾ պետի տեղակալ Գրիգորյանը և հայտնում է, որ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ նշված հասցեում ծառահատման և ծառատնկման աշխատանքներ են իրականացնում, որտեղ քաղաքացիները խոչընդոտում են իրենց աշխատանքները։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, որը պարզել է, որ Թումանյան և Փարպեցի փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով խախտել են հասարակական կարգը:
Կայքի տեղեկություներով՝ ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 39-ամյա Միքայել Ադամյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ, Երևանի բնակիչ 42-ամյա Մհեր Ավետիսյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի էլեկտրիկ, Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Բեգոյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Գրիգորի Պապյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Նոր Նորքի տեղամասի տնօրեն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Առաքելյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 37-ամյա Վանիկ Ասլանյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Ավան տեղամասի տնօրեն, Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Խալաթյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Հայկ Այվազյանը, ով աշխատում է Երևան քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Շենգավիթ տեղամասի դենդրոլոգ, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ 32-ամյա Ռոբերտ Ծովյանը, 40-ամյա Հայկ Գրիգորյանը, 45-ամյա Արամ Թորոսյանը, եւ 58-ամյա Սեդա Տեր-Մինասյանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին և Ս. Տեր-Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը