13 03 2024

Պարոն Փաշինյան, ձեր «Դերոների» համար պատիժ է սահմանվում, իսկ դառնացած լինելը մեղմացուցիչ հանգամանք չէ. Aravot.am

Պարոն Փաշինյան, ձեր «Դերոների» համար պատիժ է սահմանվում, իսկ դառնացած լինելը մեղմացուցիչ հանգամանք չէ. Aravot.am

Aravot.am-ը գրում է. «Ես շատ դառնացած եմ, իմ պարտքն եմ համարում, որ նման բան չկրկնվի, նաեւ ներողություն եմ խնդրում հանրությունից, նաեւ նվիրատուներից:

Մենք պետք է ասեինք՝ գիտեք ինչ, ընկերոջ անունով չի կարելի կամ ձեր անունով արեք, կամ մի արեք: Մարդ կա, մտածել ա, լավ, ինչիս ա պետք զանգեմ մեր Դերոյին, ասեմ՝ Դերո ջան, բեր քո անունով…Կամ չասեմ, մեր Դերոն ա, հազար տարվա ընկեր ենք, ըտենց թեթեւ բան է: Ինչի՞ պիտի ասի: Կարող է ասի՝ Դերո ջան, մի հատ անձնագիրդ նկարի, հիմա էլ էն թիվը չի, որ հնարավոր չի, վայրկյանների գործ ա»,- երեկ հրավիրրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես փորձեց ներկայացնել, թե ՔՊ-ին կատարած տարօրինակ նվիրատվությունների հետ կապված ոչ մի արտառոց բան էլ տեղի չի ունեցել՝ դե հիմա Դերոն ա, կարող է «քսերոքս» է տվել, մարդ ես, չի իմացել: Ու, բացի այդ, ըստ Փաշինյանի, ո՞վ է ասել, որ եթե ինքը մեկին փող է տվել կամ նվիրատվություն է արել, զանգող լրագրողին պիտի ասի՝ տվել եմ. «Մեկը ֆինանսական գաղտնիության հարց ունի, մեկը ընտանեկան հարց ունի…»:

Ամբողջ խնդիրն այն է, որ այս օրենքը երբ փոփոխում էին 2021-ին, բացատրում էին, որ սրանով գործարարներին կարգելեն նվիրատվություններ անել քաղաքական կուսակցություններին ու այսպես ասած ապականել քաղաքական դաշտը: Դրա համար սահմանվեց, որ նվիրատվությունները պետք է լինեն միայն անկանխիկ, իրավաբանական անձինք չեն կարող նվիրատվություն անել, իսկ մասնավոր անձանց դեպքում էլ չափ սահմանվեց, որ ոչ մի կերպ որեւէ օլիգարխ իբր չկարողանա ազդեցություն ունենալ կուսակցությունների վրա՝ դառնալով ֆինանսավորող:

Իսկ հիմա, աղմկահարույց բացահայտումներից հետո վարչապետն արդարանում է. «Եթե լիներ չարամիտ կազմակերպված բան, կկազմակերպվեր այնպես, որ այդ բոլոր հարցերը չէին ծագի: Մենք ինքներս էլ հետաքննություն արել ենք: Կա՞ այդտեղ պրոբլեմ, թե չկա՝ այո, այդտեղ կա պրոբլեմ: Արդյոք այդ պրոբլեմը հատե՞լ է Քրեական օրենսգրքի գիծը, ակնհայտորեն ոչ, որովհետեւ նախաքննության մարմինները հետաքննել են ու հանցակազմ չեն գտել»:

Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց. «Դուք հո չե՞ք գնացել հետաքննություն արել, էդ ցուցակը մենք ենք տվել: Օրենքով նախատեսված ձեւով էդ ցուցակը հրապարակվել է: Մենք ենք տվել, ժողովուրդ, եթե մենք չտայինք, էդ ցուցակը որտեղի՞ց պետք է իմանայիք»:

ՔՊ-ին կատարած նվիրատվությունների մասին հետաքննություն իրականացրել են «Infocom»-ն ու «Civilnet»-ը: Ընդ որում, ՔՊ-ն այդ տեղեկատվությունը ոչ մի կերպ չէր հանրայնացրել, դրամահավաքի առաջին օրից ԶԼՄ-ների հարցումներին չէր պատասխանել այնքան ժամանակ, մինչեւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դիմել էր դատարան: Ընտրություններից 5 ամիս հետո՝ դեկտեմբերին նոր միայն նվիրատուների ցուցակը տրամադրվել էր, քանի որ ՔՊ-ի ու ԻԱԿ-ի միջեւ հաշտության համաձայնագիր էր կնքվել՝ պարտավորեցնելով տրամադրել:

Aravot.am-ի հետ զրույցում «Civilnet»-ի հետաքննության համահեղինակ Մկրտիչ Կարապետյանն ասաց. «Փորձում են նվազեցնել հրապարակման մեջ տեղ գտած փաստերի կարեւորությունը: Հարցն այն է, որ «Քրեական օրենսգիրքը» հստակ սահմանում է կուսակցությունների նվիրատվության հետ կապված հարցերը: Այստեղ կուսակցությանը ապօրինի նվիրատվության հետ կապված կարգավորում կա: Կա կարգավորում, թե  ինչ պատիժ է սահմանվում, երբ սահմանված չափից ավել է կատարվել նվիրատվությունը: Սրանք բոլորը ոչ թե «Վարչական օրենսգրքի» խախտումներ են, այլ արտահայտված են «Քրեական օրենսգրքում»: Հետեւաբար, երբ քննություն չկա ու միանգամից ասել, որ սա ընդամենը կուսակցության կազմակերպչական թերացում է եւ այլն, կարող է դիտվի որպես ուղղորդում իրավապահներին, որ չզբաղվեն այդ հարցով»:

«Քրեական օրենսգրքի» 231-րդ հոդվածը սահմանում է, որ կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրից խոշոր չափերով կամ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվություն ներգրավելը պատժվում է ընդհուպ մինչեւ ազատազրկմամբ 1 տարի ժամկետով: Եթե դա կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ մինչեւ 3 տարի ժամկետով:

Իսկ խոշոր չափի նվիրատվություն է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:

Մինչ վարչապետը Դերոյի մասին տնավարի պատմում է ու ներողությամբ հարցը փակում, Քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածը «Դերոների» արարքի համար սահմանում է՝ «օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձեւակերպելու եղանակով շրջանցելը, որը կատարվել է խոշոր չափերով» պատժվում է տուգանքով, պաշտոններից զրկելով կամ ազատազրկմամբ մեկ տարի ժամկետով:

Իսկ «Քրեական օրենսգրքի» 235-րդ հոդվածով ամրագրվում է պատիժը, երբ նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցվում է:

Ըստ հետաքննությունների, այս բոլոր խախտումներն առկա են եղել, թե ինչպես են իրավապահները հետաքննել ու պարզել, որ հանցակազմ չկա՝ հայտնի չէ: Ավելին՝ Civilnet-ի հրապարակման հետ կապված հեղինակներն ասացին, որ որեւէ գործ դեռ չի հարուցվել. «Այս հարցն իրավապահների դաշտում է, իրենք պետք է կոնկրետ գնահատական տան»,- ասաց Մկրտիչ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է «Ինֆոքոմի» հրապարակմանը, այս դեպքում էլ լրագրողը՝ Լյուսի Մանվելյանը հարցաքննության չի կանչվել, նրանից իրավապահները որեւէ տեղեկատվություն, տվյալ չեն վերցրել: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի բացատրությունների հետ կապված խմբագրական են պատրաստել, որտեղ իրենց կարծիքն ամբողջովին արտահայտել են:

«Civilnet»-ի նյութի համահեղինակ Անի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինձ համար մի քիչ տարակուսելի է, որ հանցակազմ չեն գտել: Մենք նկատել ենք որոշակի գործելաոճ, որը խնդրահարույց է այն առումով, որ 2022-ին կուսակցության՝ ֆիզիկական անձանց կողմից ստացած նվիրատվությունների գրեթե 90%-ը ստացել են ՏԻՄ-երում տվյալ տարի անցկացված ընտրություններում ՔՊ-ի թեկնածուների կողմից, որոնք նույն օրն են արել: Ո՞նց է  ստացվում, որ մեծամասամբ նվիրատուները ցուցակի առաջին 10 անձինք են: Ու ամենակարեւորը՝ մենք ուսումնասիրել ենք այդ անձանց հայտարարագրերը ու տեսել ենք, որ նվիրատվությունը իրենց ունեցած եկամուտներից, ամբողջ դրամական միջոցներից մի քանի անգամ շատ է շատերի դեպքում: Ու մյուս հարցը՝ մենք զանգել ենք այդ անձանց, իրենք ասել են, որ չեն արել նվիրատվություն: Ինչո՞ւ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն իրականացվեց, որ բացահայտվի, ամեն ինչ ավելի թափանցիկ լինի, որ նման դեպքերն այլեւս գոյություն չունենան:

Դա ՔՊ-ի կողմից նախաձեռնված փոփոխություն էր ու նպատակն այն էր, որ ամեն ինչ լինի ավելի թափանցիկ, կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացառվեն: Իսկ ինքը այս ձեւով փորձում է արդարացնե՞լ: Շատ խնդրահարույց է իրականում: Այդ նվիրատուն կարող է ինչ-որ օլիգարխ լինի, իսկ այս փոփոխության իմաստն այն էր, որ նման դեպքերը բացառվեն: Իսկ կարո՞ղ ենք մտածել, որ  ընդհանրապես այդ մարդկանցից որեւէ մեկը չի արել նվիրատվություն, ընդամենը 2 օլիգարխ են արել, բաժանվել է մարդկանց մեջ: Այլապես ո՞նց է ստացվում, որ գրեթե 80%-ը ցուցակների առաջին 10 համարներն են, այնպիսի տպավորություն է, որ ուղղակի այդ ցուցակները բացել են, առաջին 10 անունները վերցրել են ու դրել են իրենց հաշվետվության մեջ: Ու եթե պարոն Փաշինյանն ասում է՝ ինքը չի ցանկացել երեւալ, ուրիշի անունով է գուցե դրել, սա այն է, ինչից իրենք փորձում էին խուսափել, չէ՞: Նույնը «Ինֆոքոմի» հետաքննության մեջ էր: «Երեմյան փրոջեքթսից» մոտ 10 աշխատող փոխանցում են արել կուսակցությանը, կարո՞ղ ենք ենթադրել, որ դա «Երեւան փրոջեքթսի» ղեկավարն է փոխանցել, որը կիսել է նվիրատվությունը: Ինձ համար տարակուսելի է փորձել արդարացնել, որ նվիրատուն չի ուզեցել երեւալ»:

Տարվա ընթացքում ֆիզիկական անձանց կողմից թույլատրվում է կուսակցությանը նվիրատվություն անել 2,5 մլն դրամ: Անի Գրիգորյանի խոսքով՝ եթե շեմը դրվել է, ուրեմն ինչ-որ նպատակ ուներ, չէ՞, նվիրատուները նաեւ շեմն են անցել. «Մարդ կար՝ 4 մլն էր տվել, այն դեպքում, երբ մարդիկ չունեին էլ այդ գումարները: Եթե դա ընդունելի տարբերակ է, որ ինչ-որ մեկը թաքնվի ու չիմանա, թե ինչ աղբյուրներից են նվիրատվություն անում, ուրեմն իրենք այն արժեքների մասին, որից խոսում են, չեն հետեւում, իրենք այդ արժեքների կրողը չեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ