Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է։ Քաղաքացիներ են դեմ են Երևանում տրանսպորտի թանկացմանը։
Նշենք, որ այս պահին տեղի է ունենում ավագանու նիստ, որի օրակարգային հարցերի շարքում է տրանսպորտի թանկացումը։
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մարտի 12-ին' ժամը 9։00-ին կլինեմ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, տրանսպորտի թանկացման դեմ իմ անհամաձայնությունը հայտնելու համար: Հենց այդ օրը ավագանու նիստի ժամանակ փորձելու են ընդունել տրանսպորտի թանկացման այդ խայտառակ նախագիծը:
2013թ-ին ներկայիս իշխանությունը պայքարում էր տրասպորտի թանկացման դեմ նշելով, թե 50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, և որ մենք հացի խնդիր ունեցող երկիր ենք...
2018թ-ից առաջ և իշխանության գալուց հետո էլ հայտարարել էին, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց հերթական անգամ ժողովրդին խաբեցին։
Եթե դու դեմ ես տրանսպորտի թանկացմանը, ապա մարտի 12-ին ժամը 9։00-ին արի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, և հայտնիր քո անհամաձայնությունը»։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էլ մամուլի ասուլիսում դիմել էր քաղաքացիներին՝ ասելով․ «Ինքնաբուխ հավաքվելու հնարավորություն կա։ Քաղաքացիները առավոտ ժամը 10-ի նիստից առաջ կարող են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, ձևավորել ամոթի միջանցք և նրանք ովքեր կգնան էվեարկության մասնակցել և այնպես անել, որ տրանսպորտի թանկացման այդ որոշումը անցնի, դրանց ամոթի միջանցքով անցկացնեն։ «Մայր Հայաստան»-ի քաղաքականությունը հետևյալն է․ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց նախ իրազեկենք և երկրորդը՝ թույլ չտանք այդ թանկացումները։ Թանկաացումները սպասվում են սեպտեմբերի 1-ից։ Քանի որ մեր ժողովուրդը մի քիչ նատուրալիստ է, այսինքն մինչև անմիջապես չի լինում՝ չի արձագանքում, մենք այդ նախապատրաստական փուլը տանելու ենք։ Եթե հիմա լինի ընդվզում, շատ լավ, մենք կգլխավորենք այդ պրոցեսը։ եթե հիմա չի լինի այդ ընդվզումը, իսկ մենք կոչ ենք անում, որ մարդիկ հավաքվեն, ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք սեպտեմբերյան այդ պրոցեսներին»։
Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ՈւՂԻՂ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը