06 03 2024

Թուրքիան արգելում է օտարերկրացիների մուտքը, որոնք քննադատում են Էրդողանին. Հարութ Սասունյան

Թուրքիան արգելում է օտարերկրացիների մուտքը, որոնք քննադատում են Էրդողանին. Հարութ Սասունյան

Թուրքիայի կառավարությունը՝ բռնապետ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, արգելել է 150 երկրներից ավելի քան 100 հազար օտարերկրացիների մուտքը, այդ թվում՝ լրագրողների և ակադեմիկոսների, միայն այն պատճառով, որ նրանք քննադատական տեսակետներ են արտահայտել կառավարության մասին։

Սա ժողովրդավարության ամենահիմնական սկզբունքի` խոսքի ազատության խախտում է: Սա նաև ՆԱՏՕ-ին և Եվրոպայի խորհրդին Թուրքիայի անդամակցության չափանիշների խախտում է, որը հիմնված է «ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»:

Այնուամենայնիվ, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Եվրախորհուրդը չեն քննադատում  Թուրքիային իրենց վեհ սկզբունքների բազմաթիվ և երկարատև խախտումների համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը Եվրոպայի խորհրդի մի մասն է, որոշում է, որ Թուրքիան մեղավոր է նման իրավունքների խախտման մեջ, Թուրքիայի կառավարությունը պարզապես անտեսում է Դատարանի վճիռը և հրաժարվում վճարել սահմանված ֆինանսական տույժը՝ չնայած նրա վճռին ենթարկվելը պարտադիր է բոլոր անդամների համար։

Շվեդիայում բնակվող թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը բացահայտել է թուրքական արգելքը Nordic Monitor-ի՝ «Թուրքիայի գաղտնի սև ցուցակը թիրախավորում է օտարերկրյա քննադատներին մուտքի արգելքներով և արտաքսումներով» խորագիրը կրող հոդվածում։
Թուրքիայի  կառավարության գաղտնի տվյալների բազայում արգելված օտարերկրացիներին նշում են G ծածկագրով, որին հաջորդում են երկնիշ թվեր՝ նկարագրելով նրանց մուտքը երկիր սահմանափակելու կոնկրետ պատճառները։

«G-87 սահմանափակման ծածկագիրը, թերևս, օտարերկրացիների համար ամենահաճախ օգտագործվող նշումն է, ինչը նշանակում է, որ այս ծածկագրով պիտակավորված անհատը  սպառնալիք է համարվում ընդհանուր հանրային անվտանգության համար: Նման դասակարգումը հիմնավորող ենթադրյալ ապացույցները հաճախ բխում են հետախուզական աղբյուրներից կամ ռիսկային խմբի կողմից, որը պատասխանատու է օդանավակայաններում կամ սահմանային անցակետերում ժամանող ուղևորներին զննելու համար», պարզաբանել է Բոզքուրտը:
Անտեղյակ օտարերկրացիներն իրենց արգելքի մասին իմանում են միայն թուրքական օդանավակայան ժամանելուց հետո։ Նրանցից մի քանիսին մերժում են մուտք գործել, իսկ մյուսներին՝ ձերբակալում։ Նրանց արգելքի պատճառը կարող է լինել նույնքան անմեղ, որքան սոցիալական ցանցերում հաղորդագրություն տեղադրելը կամ հավանելը: Սահմանափակող միջոցները խախտում են ոչ միայն այդ անձանց իրավունքները, այլ նաև Թուրքիայի սահմանադրությունը, քանի որ նման արգելքներ թույլատրող օրենքներ չեն ընդունվել:
Օտարերկրացիների մասին տեղեկատվությունը հավաքվում է անվտանգության գլխավոր տնօրինության (Emniyet) և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կամ արտերկրում Թուրքիայի դեսպանատների դիվանագետների կողմից, որոնք վերահսկում են բոլոր նրանց, ովքեր քննադատական մեկնաբանություններ են անում Էրդողանի կառավարության վերաբերյալ: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ այդ օտարերկրացիներից ոմանց անվանում են ահաբեկիչներ, առանց որևէ ապացույցի, պարզապես Թուրքիային քննադատելու համար:

2019 թվականին ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուն հրապարակավ նախազգուշացրեց. «Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, կան մարդիկ, որոնք մասնակցում են ահաբեկչական կազմակերպությունների հանդիպումներին, այնուհետև գալիս են Անթալիա, Բոդրում և Մուգլա [առողջարանային քաղաքներ] հանգստանալու համար։  Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկել... Թող գան, տեսնենք, կարող են արդյոք հեշտությամբ մուտք գործել [երկիր]: Դա այդքան էլ հեշտ չէ: Մենք կկալանավորենք նրանց և հետ կուղարկենք»:

Հակասականորեն, Էրդողանի կառավարությունը հեշտացրել է «Իսլամական պետության» անդամ իսկական ահաբեկիչների մուտքը Թուրքիա: Բոզքուրտը նշել է, որ «2012 թվականին Էրդողանն անձամբ օգնել է Ալ-Քաիդայի երբեմնի ֆինանսիստին մուտք գործել Թուրքիա ՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նրա նկատմամբ սահմանված արգելքին, և մի քանի անգամ գաղտնի հանդիպել է նրա հետ Ստամբուլում և Անկարայում»:

Երբեմն թուրքական կառավարությունը ձերբակալում է բոլորովին անմեղ օտարերկրյա այցելուի՝ այլ երկրից քաղաքական օգուտներ կորզելու կամ բանտարկյալներին փոխանակելու նպատակով։ Թուրքական նման շանտաժի օրինակ է եղել, երբ նախագահ Էրդողանը հրամայել է ձերբակալել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և առաջարկել նրան փոխանակել մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որը Թուրքիայից ԱՄՆ էր փախել Էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեջ իր դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց հետո։ Նախագահ Թրամփը հրաժարվեց Գյուլենին փոխանակել Բրանսոնի հետ և պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ։ Երկու տարի բանտում մնալուց հետո հոգևորական Բրանսոնը վերջապես ազատ արձակվեց և նրան թույլ տվեցին վերադառնալ ԱՄՆ։

Թուրքիայի կառավարության սև ցուցակում հայտնված անձանց ընդարձակ ցուցակը շահութաբեր բիզնես է դարձել որոշ իրավաբանական ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են պաշտպանելու իրավունքները նրանց, որոնց մուտքը երկիր արգելված է։ Երբեմն նույնիսկ այն բանից հետո, երբ դատարանները հանձնարարել են կառավարությանը հանել անձի անունը սև ցուցակից, թուրքական կառավարությունը հրաժարվել է դա անել՝ պնդելով, որ իր ապացույցները չեն կարող ներկայացվել դատարանում, քանի որ դրանք համարվում են պետական գաղտնիք:
Բոզքուրտը եզրափակելով իր հոդվածը գրում է. «Սև ցուցակը Էրդողանի կառավարության գործիքակազմում ծառայում է որպես գործիք՝ քննադատների, մասնավորապես օտարերկրյա լրագրողների, ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ սարսափեցման արշավը շարունակելու համար: Արգելելով մուտքը կամ հանկարծակի արտաքսումներ իրականացնելով, կառավարությունն օգտագործել է սև ցուցակը՝ սահմանափակելու օտարերկրյա լրագրողների լրագրողական գործունեությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ են տուժել այս պրակտիկայից՝ բախվելով իրենց անունները ցուցակում ավելացնելու հետևանքներին: Թվում է, որ սև ցուցակը մոտ ապագայում շարունակելու է պահպանվել Էրդողանի կառավարության պատժիչ իշխանության կողմից»։

Այս խնդրի պարզ լուծումն այն է, որ օտարերկրացիները չմեկնեն Թուրքիա, այդպիսով պաշտպանելով իրենց հետապնդումից, արտաքսումից կամ ձերբակալությունից: Թուրքիա գնալուց  հրաժարվելը մեծ հարված կհասցնի երկրին, քանի որ ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ ներարկելով Թուրքիայի սնանկացած տնտեսության մեջ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ