2024-ին ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում, Տաջիկստանում և Ղազախստանում
2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ համատեղ և հատուկ զորավարժություններ, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»: «Այս տարի հիմնական համատեղ ուսումնական միջոցառումների շարքում նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Ղրղզստանի Հանրապետության տարածքում անցկացնել «Փոխգործակցություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություն՝ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ, «Որոնում 2024» հատուկ զորավարժություն հետախուզական ուժերի հետ, «Էշելոն-2024» հատուկ զորավարժություններ ՀԱՊԿ-ի զորքերի նյութատեխնիկական ապահովման ուժերով և միջոցներով», - ասել է նա ճեպազրույցում։
Սերդյուկովը հավելել է, որ 2024 թվականի հոկտեմբերին Տաջիկստանում կանցկացվի օպերատիվ ուսումնավարժություն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Արագ տեղակայման հավաքական ուժերի հրամանատարությամբ, ինչպես նաև համատեղ զորավարժություն «Ռուբեժ-2024», Արագ տեղակայման հավաքական ուժերի ստորաբաժանումների հետ: Բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղազախստանի տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություն։
«Մինչև տարեվերջ ամբողջությամբ կմշակվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ հավաքական որոշումների կայացման և իրականացման ալգորիթմը։ Կշարունակվի պաշտպանական գերատեսչությունների, հիմնական կրթական, մեթոդական և հետազոտական կազմակերպությունների ներգրավման պրակտիկան՝ ուսումնասիրելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների զարգացման արդի խնդիրները»,- նշել է Սերդյուկովը։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն ընդգծել է, որ զորավարժությունների ակտիվ փուլերին դիտորդների կարգավիճակով մասնակցում են «ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների, միջազգային կազմակերպությունների, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը