Օրեր առաջ համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Հանրապետության տարբեր հատվածներում և տարբեր կառույցներում հեռացնում են «Փառքի անկյուն»-ները։
Հրապարակվեց, որ Արարատում արդեն իսկ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։ Սակայն համայնքապետարանից պարզաբանեցին, թե, իբր, վերանորոգման պատճառով են նկարները հեռացվել։
Այսօր՝ փետրվարի 12-ին, հրապարակումներ եղան, որ հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Նժդեհի նկարները, Արցախի Հանրապետության քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։
ՊՆ-ն պարզաբանում տարածեց, թե՝ իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ «Փառքի անկյուն»-ներում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ։
Ուշագավ է, որ բոլոր հաստատություններում, պուրակներում վերանորոգման կարիքը առաջացավ հենց միաժամանակ։ Կարելի է եզրակացնել, որ մեկ օրում հանրապետության ամբողջ տարածքում ձեռքից գնացած «Փառքի անկյուն»-ները կարող են վերանորոգվել միայն հեռացվելուց հետո։ Ամեն դեպքում, ԿԳՄՍ նախարարության շրջաբերականում հանձնարարությունը՝ ամեն ինչ անել հնարավորինս անաղմուկ, կարելի է համարել ձախողված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը