Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թերթելով ֆեյսբուքի «նյուզֆիդը» հասկացել է, որ «ամենաշատ ձյունը տեղացել է ֆեյսբուքում», ոչ թե Երևանում։
Հիշեցնենք, ամբողջ համացանցը, լրատվամիջոցները լի էին գրառումներով, լուսանկարներով, տեսանյութերով այն մասին, որ Երևանում վերջին օրերին տեղացած ձյան նկատմամբ անտարբեր է գտնվել Երևանի քաղաքապետարանը, և ձյունը մաքրելու փոխարեն սպասել են, մինչև արևոտ օր լինի և եղանակով պայմանավորված՝ սառույցները հալչեն։
Ի հակառակ փաստերի, Տիգրան Ավինյանը հայտարարել է․ «Հիմնական ճանապարհների վրա խնդիր չենք ունեցել, նույնը՝ երկրորդայինի, մեր խնդիրներն արձանագրվել են մայթերին ու միջբակային տարածքներում, որտեղ մինչև հիմա էլ այդ խնդիրը կա: Ամենամեծ խնդիրն այն էր, որ ամենաշատ ձյունը տեղացել էր «Ֆեյսբուք»-ում»:
Նշենք, որ հունվարի 27-ին՝ ձնամաքրում չիրականացնելու հետևանքով Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում առաջացել էր մերկասառույց, որն էլ դարձել էր շտապօգնության և ևս երկու մեքենայի բախման պատճառ։ Վիրավորվել էր 6 անձ։
Հունվարի 27-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում մերկասառույցի պատճառով վթարի էր ենթարկվել MAN մակնիշի ավտոբուսը։
Հունվարի 28-ին ճանապարհին մերկասառույցի պատճառով 13-րդ համարի երթուղին սպասարկող «Հագեր» մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին՝ ամբողջությամբ փակելով ճանապարհը։
Հիշեցնենք, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին քանիցս Երևանի բարձրադիր շրջաններում որոշ երթուղիներ պարզապես չսպասարկվեցին, քանի որ ավտոբուսները անվադողերի մաշվածության պատճառով հրաժարվել էին երթևեկել՝ քաղաքացիների կյանքը չվտանգելու համար։ Իսկ Երևանի քաղաքապետարանը հունվարի 24-ին հայտարարել էր, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:
Եվ, ի վերջո, հունվարի 28-ին աշխատանքից ազատման դիմում գրեց Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը։ Համաձայն մամուլի, պատճառը մայրաքաղաքի ձնամաքրումը ոչ պատշաճ իրականացնելն էր։
Մնում է ենթադրել, որ Տիգրան Ավինյանին պարզապես «սխալ են զեկուցում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը