28 01 2024

Այսօր Հայոց բանակի կազմավորման օրն է

Այսօր Հայոց բանակի կազմավորման օրն է

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 32-րդ տարեդարձը։ 1992թ. այս օրն ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարարության մասին հրամանագիրը, ՀՀ տոնացույցում հունվարի 28-ը ներառվեց 2001 թվականի հունվարի 6-ին, այսպիսով ՀՀ Բանակի օրը Հայաստանում նշվում է արդեն 20-րդ անգամ։ Հունվարի 28-ը ոչ աշխատանքային սահմանվեց 2002-ից։

Մինչեւ ՀՀ Զինված Ուժերի ձեւավորումը Արցախյան ճակատում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմակայում էին շուրջ 80 կամավորական ջոկատները, նաեւ պաշտպանում Հայաստանի սահմանները։

Հայկական բանակի ստեղծման ու կայացման փուլերը զուգահեռվում են ՀՀ պետականության կազմավորման ու ամրապնդման հետ։ Բանակն այսօր էլ, շատ փորձագետների համոզմամբ,  համարվում է Հայաստանի ամենակայացած պետական կառույցը։

ՀՀ Ազգային բանակի համար ամենադժվարին, բայցեւ հերոսական փուլը 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս ժամանակահատվածն էր, երբ Հայաստանի եւ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները միասին լինելով չհայտարարված, բայց Ադրբեջանի հետ փաստացի պատերազմի մեջ,  այն ոչ միայն ստեղծվեց ու կայացավ, այլեւ թրծվելով Արցախյան պատերազմի կրակներում, պաշտպանեց ու ազատագրեց պատմական հայրենիքի զգալի մասը, հակառակորդին հարկադրելով զինադադար հայցել, որն էլ երեք կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրվեց 1994-ի մայիսին՝ Բիշքեկում, եւ մի քանի օր անց՝ մայիսի 12-ին, ուժի մեջ մտավ։

Դրանից հետո, բոլոր այս տարիներին Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտել է հրադադարը, պարբերաբար դիվերսիոն փորձեր ձեռնարկել։ Այդ շարքում առանձնանում են 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունները, որոնք առավելապես հայտնի են Քառօրյա պատերազմ անունով։ Այդ օրերին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային դիմակայելու եւ հակառակորդին ետ շպրտելու գործն ամբողջությամբ իրականացրեց Հայկական բանակը։ Հայկական բնակավայրերի պաշտպանության այդ հերոսական օրերին արագորեն կազմավորված ու ճակատ մեկնած կամավորական ջոկատները պարզապես չհասցրին մասնակցել ռազմական գործողություններին, բայց դարձան համազգային համախմբումով Բանակի կողքին կանգնելու ամենատպավորիչ վկայությունը։

Հայկական բանակը նաև կոփված է պատերազմներում: Չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն անցել է երեք պատերազմով: Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո հայ զինվորն ու կամավորը նույն հերոսական սխրանքները գործեցին նաև 2016թ. ապրիլին, երբ վերջ դրեցին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողություններին:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի վրա հարձակման ընթացքում ևս Զինված ուժերի ծառայողները անօրինակ սխրանքներ գործեցին՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները, չխնայելով սեփական կյանքը: Շուրջ երեք տասնամյակում երեք պատերազմով անցած բանակի ուսերին այժմ առավել մեծ պատասխանատվություն է դրված: Հայոց բանակը եղել և մնում է անառիկ սահմանների և անվտանգության երաշխավորը:

Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ