Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ինչպես գրում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հրթիռային հարձակումն ուղղված էր «հակապակիստանյան խմբավորումներին» :
«Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայիններին Իրանում», - պաշտոնյայի խոսքն է մեջբերում գործակալությունը:
Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է մահացել։ Ինչպես մանրամասնել է պաշտոնյան, զոհվել է երեք կին և չորս երեխա։
Պակիստանի ԱԳՆ-ն ավելի ուշ մեկնաբանել է Իրանին հարվածներ հասցնելու լուրը՝ նշելով, որ իրենք մի շարք ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրանում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին», որոշ «ահաբեկիչներ» ոչնչացվել են։
Նշենք, որ օրերս Իրանն էր հրթիռակոծել Պակիստանի տարածքը՝ թիրախավորելով ահաբեկիչներին: Պակիստանը դատապարտել էր այդ քայլը, հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին՝ խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Թեհրանը բացատրություն է պահանջել Իսլամաբադից՝ կապված Պակիստանի ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակումների հետ Իրանում թիրախների վրա։ Այս մասին Press TV-ին հայտնել է Իրանի անվտանգության ուժերի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «Իրանը Պակիստանից անհապաղ բացատրություն է պահանջել Սիստան և Բելուջեստան նահանգի սահմանամերձ գյուղերից մեկի վրա իրականացրած հրթիռային հարձակումների վերաբերյալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը