Yerkir.am-ը գրում է. Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին վարչական շրջաններին հատկացրեց կլորիկ գումարներ, որոնցով կազմակերպվեցին ամանորյա քեֆ-ուրախությունները: Արդյո՞ք պետական կամ համայնքային բյուջեները պլանավորելիս նախատեսվում է նման ծախս, և որքանո՞վ է ընդունելի կամ օրինական աշխատակազմերի կողմից ճաշկերույթներ ու խրախճանքներ կազմակերպել ՀՀ քաղաքացիների կողմից ձևավորվող բյուջեների հաշվին: Ֆինանսների նախարարությունից մեզ պատասխանել են, որ ՀՀ պետական բյուջեով նշված միջոցառումների գծով ծախսեր նախատեսված չեն։
Կարո՞ղ է ՏԻՄ-երի բյուջեների տողերում լինել նման բան, ինչպե՞ս են գնումների մրցույթ հայտարարում և նախաձեռնում նման միջոցառումներ, ինչպե՞ս է կարգավորվում գնումների մրցույթի գործընթացը, արդյո՞ք այն ևս ֆինանսների նախարարության գործառույթների մեջ չի մտնում, արդյո՞ք նախարարությունը պարտավոր չի վերահսկել այդ ամենը, օրինակա՞ն է մարմնի բյուջեի հաշվին աշխատանքային կոլեկտիվների խրախճանքների կազմակերպումը։ Հարցերին ի պատասխան՝ ֆինանսների նախարարությունը գրավոր պատասխանել է, որ ՀՀ-ում բյուջետային համակարգի սկզբունքներից է բյուջեների ինքնուրույնության սկզբունքը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակում օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն իրականացնել բյուջետային գործընթացը, օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների միջոցների ծախսման ուղղությունները:
«Գնումների բնագավառում լիազորված մարմնի՝ ՀՀ ֆինանսների նախարարության լիազորությունները սահմանված են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, որով վերջինիս վերապահված չէ գնման գործընթացները վերահսկելու լիազորություններ»,- նշել են նախարարությունից:
Ստացվում է՝ ֆինանսների նախարարությունը ձեռքերը լվացել է՝ հայտարարելով, որ որ համայնքներն իրենք կարող են տնօրինել իրենց բյուջեները: Հետաքրքիր է՝ արդյո՞ք ՀՀ հաշվեքննիչ պալատը համաձայն է դրա հետ, և արդյո՞ք չարժե ստուգել՝ այդ ի՞նչ իրավունքով են վարչական շրջանները գնումներով կազմակերպել ամանորյա քեֆեր:
ՀՀ հաշվեքննիչ պալատի պատասխանն ու դիրքորոշումը կներկայացնենք ստանալուն պես:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը