02 01 2024

Համասեռամոլների ընտանիք կազմելն ու երեխաներ որդեգրելը հակասահմանադրական է․ Գևորգ Դանիելյան

Համասեռամոլների ընտանիք կազմելն ու երեխաներ որդեգրելը հակասահմանադրական է․ Գևորգ Դանիելյան

Համասեռամոլների ընտանիք կազմելն ու երեխաներ որդեգրելը հակասահմանադրական է, այն չի բխում երեխաների իրավունքների առաջնահերթ պաշտպանությունից: Հանրաքվեով չի հաջողվելու փոխել Սահմանադրության հիշյալ հիմնադրույթները: Նման արձանագրմամբ է հանդես եկել իրավագիության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Մարդու իրավունքները դրոշ դարձրած, իսկ իրականում մարդու վրա թքած վայրի լիբերալիստներին՝ համասեռամոլների ամուսնությունները եկեղեցական կարգով օրհնելու առումով (թերևս՝ հարաբերական և անուղղակի) Հռոմի պապից կորզած խոսքը հանգիստ չի տալիս։ Միայն Էլթոն Ջոնը գրեթե ամենօրյա ռեժիմով մի ողջ թիմով թիրախավորել էր Վատիկանը և սոսկ վերջերս է հանդարտվել՝ դե իբր հաղթել է։

Հաջողությունից գլխապտույտի մեջ ընկածներին թվում է, թե տարաբնույթ թափանցիկ ու ստվերային հնարքներով նույնպիսի հաջողության կհասնեն նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պարագայում, ուստի համակարգված գործի են անցել։ Աղանդավորական մի ուղղություն էլ, որն սկիզբ է առել օվկիանոսից այն կողմ, հանկարծ որոշել է դիրքավորվել իբրև ազգային կառույցի կերպարի մեջ և արդեն ելույթ է ունենում ոչ թե իր հոտի, այլ ողջ ազգի անունից։ Այս քարոզիչների երազանքը մեկն է՝ նսեմացնել Ազգային Եկեղեցին և փորձել այն հավասարեցնել մյուս կրոնական կառույցների հետ՝ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

Բազմիցս եմ նկատել, համասեռամոլների ընտանիք կազմելն ու երեխաներ որդեգրելը հակասահմանադրական է, այն չի բխում ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ (37-րդ հոդվածի 2-րդ մաս), ըստ այդմ էլ՝ նույն Սահմանադրությամբ Ազգային Եկեղեցու կարգավիճակ ունեցող Հայ Եկեղեցին (18-րդ հոդված) ղեկավարվում է ինչպես քրիստոնեական արժեքներով, այնպես էլ պետության Հիմնական օրենքով, ուստի հանդարտվեք և մի պղտորեք առանց այդ էլ խոցելի հանրային և ազգային հավաքական ինքնագիտակցությունը։

Հ.Գ. Հանրաքվեով չի հաջողվելու փոխել Սահմանադրության հիշյալ հիմնադրույթները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ