ԱՄՆ կոնգրեսի վերին և ստորին պալատների 60 անդամներ Կոնգրեսի ղեկավարներին կոչ են արել անվտանգության աջակցություն ուղարկել Հայաստան և լրացուցիչ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատոր Ալեքս Պադիլլայի և Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուի հեղինակած նամակը։
Կոնգրեսի երկու պալատների անդամները կոչ են անում 10 մլն դոլար հատկացնել Հայաստանի պաշտպանության ոլորտի ֆինանսավորման համար, ինչպես նաև լրացուցիչ օգնության օրինագծով նախատեսված մարդասիրական օգնության մի մասը հասանելի դարձնել Հայաստանի համար՝ բավարարելու 120 000 հայերի կարիքները, որոնք սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։
«Այժմ, երբ Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևը վերափոխել է տարածաշրջանը՝ օգտագործելով ռազմական ուժ, մենք մտավախություն ունենք, որ նա համարձակություն է ձեռք բերել՝ նորից նման կերպ վարվելու։ Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիան՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքը», - նշված է նամակում։
Կոնգրեսականներ նշում են նաև, որ Հայաստանը հատկապես խոցելի է դարձել, քանի որ «հեռացել է իր անվտանգության ավանդական երաշխավոր Ռուսաստանից՝ ավելի սերտ կապեր հետապնդելով արևմտյան ժողովրդավարությունների հետ»։
Ըստ կոնգրեսականների՝ Կովկասում ամերիկյան առաջնորդությունն անհրաժեշտ է՝ զսպելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և թույլ տալու հայերին պաշտպանել իրենց ժողովրդավարությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը