ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին:
Գեներալ Արզումանյանն արդեն 1.4 տարի է կալանքի մեջ է, որովհետև «մեղավոր» է 44-օրյա պատերազմի վերջին 11 օրը ՊԲ-ի հրամանատարությունը ստանձնելու համար:
Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` համապատասխան ցուցմունքներ չտալու համար:
Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար:
Պատերազմի օրերին շատերն են տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սխալվել, բացթողումներ ունեցել, ինչից տեսականորեն, միգուցե, չէր կարող խուսափել նաև Արզումանյանը, սակայն իշխանության քաղաքական թիրախավորումը և ընտրովի արդարադատությունը ցույց են տալիս, որ գեներալն առաջին հերթին նստած է, որովհետև նրան իշխանությունը նախապես պատերազմի մեղավոր է նշանակել:
Դատա-իրավական համակարգը, տարատեսակ քննիչ հանձնաժողովներն ու քաղաքական իշխանությունը հարցի տեխնիկական, քաղաքական, և քարոզչական փաթեթավորումն են ապահովում, որի նպատակը պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելն է:
Սրանց խնդիրը` պատերազմի հանգամանքներ բացահայտելը չէ, սրանք ամեն ինչ անում են ժողովրդի դեմ իրականացրած թշնամական գործողությունները պարտակելու և պատասխանատվությունից փախչելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը