Երկար սպասված մանկան ճիչն ապրելու հույս, լույս ու ժպիտ է բերել պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի ընտանիքում։ Միակ որդուն ռազմաճակատում կորցնելուց հետո ամուսիները որոշել էին՝ նորից պետք է զավակ ունենան։
«Նորոյիս կորցնելուց հետո ես անմիջապես եկա այդ որոշման, այդ վիշտը տանելու ուրիշ ձև չկար։ Ես ասեցի՝ ինչ գնով լինի, պետք է մայրանամ»,-ասում է Նորայրի մայրը՝ տիկին Արուսյակը։
Առողջական խնդիրները, ծանր հոգաբանական վիճակը, տարիքը երկար ժամանակ խոչընսոտում էին հասնել այդ նպատակին։ Զույգ հուսալքվել էր, մինչև տիկին Արուսյակը մի երազ տեսավ։
«Հուսահատությանս մեջ տեսա երազ, որ մի փոքր բալիկ դրեցին բարձիս վրա։ Ասեցի՝ երեխայի անունն ի՞նչ է։ Պատասխանեցին՝ գլխարկի վրա գրված է։ Նայեցի՝ գրված է Գրիգոր Լուսավորիչ»,-պատմում է զոհվածի ծնողը։
Երկար ու բարդ ճանապարհից հետո փոքրիկը ծնվեց վաղահաս՝ 600 գրամ քաշով։ 99 օր մայրը մնացել է փոքրիկի կողքին։
«Ես իմ բալիկին խոսք տվեցի, որ հիվանդանոցից միասին ենք տուն գնալու։ Բժիշկները հույս չէին տալիս, որ կապրի. 99 օր փնտրել եմ Նորոյիս, գտել եմ 99-րդ օրը»,-պատմում է մայրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը