02 12 2023

Ամենամեծ վտանգը սպառնում է հենց արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգությանը․ Alphanews.am



Alpha News-ի եթերում Արցախի ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ, մշակույթի գծով պատասխանատու Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ ամենամեծ վտանգը սպառնում է ոչ մշակութային ժառանգությանը։

«Մեր պատմության անշարժ մշակութային հուշարձանները ենթարկվում են տարբեր տեսակի վանդալիզմի, պղծման, բայց գոնե ինչ-որ չափով այդ շենքերը, շինությունները ամբողջությամբ չեն կարող ոչնչացնել։ Ամենամեծ վտանգը սպառնում է հենց ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ժողորդին կտրել իր պատմական խրամատից, լանդշաֆտից, մարդիկ, որոնք ապրում էին մի համայնքում և հազարավոր տարիներ իրականացնում էին իրենց սոցիալ-մշակութային գործառույթները, որը առանձնահատուկ էր միայն իրենց՝ դա թե Արցախի բարբառն էր, թե կենսաապահովման մշակութային տարրերը, այդ թվում՝ ուտեստները՝ փախլավան, ժենգլայով հացը։

Դրա համար պիտի կատարվեն քայլեր, որ կարողանանք այդ ամենը պահպանել»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը ։

Քանի որ այդ ամենը կրողը մարդն է, ու Հայաստանում բոլոր արցախցիները ցաքուցրիվ են, Հովհաննիսյանի համոզմամբ, սա է դժվարություն առաջացնում ոչ մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում․

«Դժվարություններից մեկն այն է, որ համահավաք բնակության վայր չկա։ Բարբառը պահպանելու համար պիտի իրար հետ խոսել, գոնե ընտանեկան միջավայրում ու շրջապատում։ Պետք է այլ միջոցներ փնտրել, իսկ դա առաջին հերթին արվեստով ներկայացնելն է, այսինքն՝ երգերի, թատերական ներկայացումների միջոցով։ Ոչ նյութական ժառանգության կրողը մարդն է։ Եթե մարդը այլևս այդ ամենը իրագործելու իրավունքից զրկված է, մի սերունդ հետո ամեն ինչը կորստյան է մատնվելու։ Նույնը վերաբերվում է, ասենք, գորգագործությանը, կավագործությանը։

Գյուղեր կային, որ ավանդաբար զբաղվում էին այդ արհեստներով։ Քայլեր պետք է արվեն, որ այս բաները կարողանանք պահպանել, նաև հանրահռչակել»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա խոսել է նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության մասին և ընդգծել՝ Թուրքիային են ենթարկվում ու վախենում են անգամ Հայոց ցեղասպանության մասին խոսել․

«3 800 ուդիները, որ մնացել են տարածքում, գերի են, պատանդ են Ադրբեջանի իշխանության ձեռքին։ Նրանք եթե մի բան այն չարեցին, կենթարկվեն այն հալածանքներին, որոնց, ասենք, ենթարկվել են շիա-մահմեդական թալիշները։ Օրինակ՝ թալիշ մտավորականության մի հատվածը հիմա գտնվում է ադրբեջանական բանտերում։

Ոչ միայն ռուս ուղղափառ, նաև Կոնստանդնուպոլսի պատրիարքությանը կօգտագործի Ադրբեջանը։ Պոլսում գտնվող պատրիարքությունները անմիջապես գտնվում են Թուրքիայի ազդեցության ներքո և նրանց բոլոր քայլերը վերահսկում է Թուրքիայի կրոնի գործերի նախարարությունը, վառ ապացույց՝ Հայոց պատրիարքությունը, որ վախենում է անգամ Հայոց ցեղասպանության մասին խոսել»,- եզրափակել է Հովհաննիսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ