29 11 2023

Կգա՞ք միասին գնանք Լարս, տեղում տեսնենք ինչքան միլիոնների վնաս են կրել. Թադևոս Ավետիսյանը՝ նախարարին



 «Լարսի անցակետը նորից փակ է, տեղյա՞կ եք թե՞ ոչ: Ըստ էության, Լարսի անցակետում այսօր ՀՀ արտահանողները հանդիպում են անլուծելի խնդիրների և դա բերում է տնտեսական, սոցիալական հետեւանքների: ՌԴ-ն ՀՀ-ի հիմնական արտահանման ուղղությունն է և աճում է այդ միտումը: 2022-ին ՌԴ-ի ուղղությամբ արտահանումը բազմապատիկ ավելացել է: Խնդիրը հիմա վերաբերում է առավելապես ՀՀ-ից արտահանվող որոշակի տեխնիկական, սանիտարահիգիենիկ ապրանքներին: Եթե այդպես է, բա ինչի՞ մեր պետական մարմինները նորմալ չեն աշխատում, որ գնում հասնում է սահման, այլ երկրի պետական մարմինը նույն նորմատիվով նայում է, ասում է՝ խնդիր է: Այդ մարդիկ հասնում են այդտեղ ու կրում են էական վնասներ: Եթե խնդիրը քաղաքական է, տնտեսական չէ, ասեք՝ իմանանք: Պարզ ու ճշմարիտ կերպով ուզում եմ անդրադառնաք ու մարդիկ պետական մարմնի թիվ մեկ պատասխանատուից իմանան այդ մասին»,- ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, դիմելով Էկոնոմիկայի նախարարին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Ի պատասխան՝ Քերոբյանն ասաց, որ  Ռոսսելխոզնադզորի հայտարարության մեջ նշված են Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ տարեկան խախտումները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցած ամբողջ տարվա ընթացքում 40-ից պակաս դեպք է տեղի ունեցել: ՌԴ-ի համապատասխան մարմինները Հայաստանից արտահանված ապրանքը հետ են վերադարձրել: «Այսինքն, մեր պետական մարմինների աշխատանքը չի կարող համարվել վատ, որովհետեւ ցածր վիճակագրություն կա: Էկոնոմիկայի նախարարությունը, նաև ԵԱՏՄ-ի հանձնաժողովի մեր գործընկերները նախաձեռնել են քննարկում, որտեղ մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հականալ, թե ինչ է փոխվել կարգավորումների մեջ, որը հասցրել է այսպիսի վիճակագրության փոփոխության»:

Արձագանքելով նախարարին՝ պատգամավորը նշեց.

 «Դուք, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է ամենալավն իմանաք՝ մարդիկ հարյուր հազարավոր դոլարներ են կորցնում և դա դառնալու է աշխատատեղերի կորուստ, տնտեսական խնդիրներ: Հիմա մարդիկ շվարած կանգնած են: Մի մասը հետ է գալիս, մի մասը ինչ-որ պատահականությամբ անցնում են, խառնաշփոթ վիճակ է, այդ մարդիկ հո որբի գլու՞խ չեն, ներկայացնում են ՀՀ-ն չէ՞: Ի վերջո, ասում եք՝ մի շաբաթից կնստենք կքննարկենք, ապրանքներ կան, ժամերի ընթացքում փչանում են…  Կգա՞ք միասին գնանք Լարս, տեղում տեսնենք, թուղթ ու գրիչով հարցնենք՝ ինչքան միլիոնների վնաս են կրել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ