13 11 2023

Հետախույզ Ցոլակին չեն թույլատրում հուղարկավորել Եռաբլուրում․ News.am

Հետախույզ Ցոլակին չեն թույլատրում հուղարկավորել Եռաբլուրում․ News.am

News.am-ը գրում է․ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 12 տարի հատուկ նշանակության զորքերում ծառայած, դրանից առաջ պայմանագրային զինծառայող, արցախյան 3 պատերազմների մասնակից Ցոլակ Գրիգորյանի դին չեն թույլատրում «Եռաբլուր»-ում հուղարկավորել: Ցոլակի կնոջը՝ Լուսինեին Պաշտպանության նախարարությունից միայն մեկ պատճառ են բերում. բենզինի պայթյունից է մահացել ամուսինը, այլ ոչ թե ռազմական գործողություններից:

processed-2f457476-113f-43bf-a38f-c3675f3c017b_VbdqEgFd.jpeg (40 KB)

«Պայթյունից հետո 5 օր որոնել եմ ամուսնուս, թե դիահերձարանում, թե հիվանդանոցում, թե պահեստի տարածքում: Չգտնելուց հետո սեպտեմբերի 29-ին տեղափոխվեցինք Երեւան, տուն վարձեցինք, երկու երեխաներիս հետ տեղավորվեցինք: Հետո հոկտեմբերի 25-ին ԴՆԹ-ով հաստատվեց, որ մահացել է պայթյունից եւ մեր միակ ցանկությունն է նրան Եռաբլուրում հուղարկավորել: Ինքը նվիրված զինծառայող էր, ճիշտ է վերջերս ինքը ՆԳՆ-ում էր ծառայում, բայց իրենք դիրք էին պահում: Ադրբեջանի հարձակումից հետո ասացին, որ պետք է գնա դիզվառելիքի պահեստ, այնտեղ վիճաբանություն է լինում մարդկանց մեջ, որ կարգուկանոն  պահեին, գնաց ու այդ դեպքը եղավ: Հիմա մենք չգիտենք՝ պայթյունը անզգուշություն է, թե թշնամու դրոնի հարված: Չէ որ այդ ժամանակ էլ Արցախը պատերազմական դրության մեջ էր գտնվում ու դրա  հետեւանքով էլ եղել է պայթյունը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լուսինեն:

processed-2a3db2ef-22a4-42f2-b245-b0a6e82d5ea7_m1wnlbii.jpeg (35 KB)

Լուսինեն ասում է, որ դիմել են Պաշտպանության նախարարությանը, սոցապ նախարարությանը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ղեկավարությանը, սակայն բոլորի կողմից մերժում է ստացել, պատասխանել են, որ օրենքով է սահմանված, թե որ դեպքում է, որ հուղարկավորում են պանթեոնում:

processed-a2abe77d-dab1-47b8-ad14-b21ff8be6fa2_kSJirUXN.jpeg (51 KB)

Կինը պատմում է, որ Ցոլակը չէր ուզում դուրս գալ Արցախից, միշտ ասում էր, որ եթե մի քանի մետր հող մնա ինքը իր երեխաների  հետ կմնա այնտեղ. «Ասում էր՝ այսքան պայքարել ենք, այսքան տղաներ են զոհվել, ինչի՞ պետք է գնանք: Ասում էր, որ ինքը չի դիմանա, եթե Ստեփանակերտը հանձնեն, շատ ծանր էր տանում, որ պետք է զենքերը հանձնեին, համազգեստը վառեին, ասում էր՝ եթե մի մետր հող մնա, ես իմ երեխեքի հետ կմնամ, չեմ կարող գնալ ու այդպես էլ եղավ փաստորեն՝ ինքը հոգով մնաց Արցախում»:

 Լուսինեն  հիշում է՝ 34-ամյա ամուսինը ընկերական խմբի ոգին էր, ծառայության մեջ էլ սիրված ու ճարպիկ. «Նույնիսկ մի  անգամ գործողության են գնացել, ինքը խմբի հրամանատար էր, անդամներից մեկը վիրավորվել է, ամբողջ խմբին հրաման է տվել, որ ընկերոջը պետք է իրենց հետ հանեն, վտանգելով նաեւ իրենց կյանքերը, ընկերոջը հանել են, ցավոք, արդեն մահացած: Շատ նվիրված էր իր գործին, շատ էին սիրում իրեն, ընկերները ուրախանում էին, որ Ցոլակի հետ դիրքեր էին բարձրանում, ասում էին՝ «մեզ ոչ մի բան չի լինի, եթե Ցոլակը մեզ հետ է», բայց դե իրեն Եռաբլուր չեն ընդունում ու չգիտեմ ինչի համար»: 

34-ամյա Ցոլակ Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից  պարգեւատրվել է մարտական ծառայության մեդալով, ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր: 

processed-73e73e17-0ede-4a31-8163-1cf525973f87_OBRDW0oj.jpeg (54 KB)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ