«Փաստինֆո»-ն գրում է.
« ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանը դատարանից պահանջում է հետմահու արդարացում, թեև դա այդքան էլ իրատեսական չի համարում։ Ավելի քան երեք տարի տևած դատավարությունը մոտենում է ավարտին, դատական վիճաբանությունների փուլն է։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվեցին 2018թ ՀՀ-ում իրականացված իշխանափոփոխությունից հետո։ 2018թ․ հունիսին ԱԱԾ-ն խուզարկություններ կատարեց Մանվել Գրիգորյանի տանը, ապա հրապարակեց տեսանյութ՝ հայտնաբերված՝ զինծառայողների համար նախատեսված պահածոների, զենքերի և ավտոմեքենաների վերաբերյալ, ինչը հանրության շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հետագայում, սակայն, Գրիգորյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումներն իրականացվեց բոլորովին այլ գործի շրջանակներում։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրա և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում էր 2019թ-ից, Մանվել Գրիգորյանը շուրջ երկու տարի գտնվել է կալանքի տակ, թեև պաշտպանները մշտապես բարձրաձայնում էին Գրիգորյանի՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության մասին, իսկ դատական նիստերն ընթանում էին առանց նրա մասնակցության, քանի որ վերջինս ի վիճակի չէր լինում մասնակցել նիստերին։ Տևական ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո, ի վերջո, երբ արդեն Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, դատախազության նախաձեռնությամբ հրատապ նիստ է հրավիրվել և քննարկվել է Գրիգորյանի առողջական վիճակի հիմքով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցը։ Դատարանը 2020թ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ, որից հետո, սակայն, Գրիգորյանը երկար չապրեց։ 2020թ․ նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանը մահացավ։
Դատավարությունը շարունակվեց արդեն նրա բացակայությամբ և այժմ գտնվում է դատաքննության ավարտական՝ վիճաբանության փուլում։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հանրային մեղադրողը հրապարակել է մեղադրական ճառը՝ պահանջելով մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին իրեն առաջադրված մեղադրանքներում, իսկ նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դատապաևտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Նախորդ նիստին ճառով է հանդես եկել նաև պաշտպան Գուրգեն Գրիգորյանը՝ պահանջելով հետմահու արդարացնել Գրիգորյանին՝ մեղսագրվող արարքում, թեև դատարանի կողմից արդարացման վճռի հրապարակումն իրատեսական չի համարում։
«Այն, որ գործով այլանդակ քննություն է իրականացվել, որևէ ապացույց չկա, իսկ ապացույցների 90 տոկոսը կեղված է, թաքցված՝ փաստ է, բայց իրատեսական չեմ համարում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Գուրգեն Գրիգորյանը։
Հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 16-ին, ճառով հանդես կգա Նազիկ Ամիրյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը