Արդեն 2-3 օր Հայաստան Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետի Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների վարորդներ, ովքեր ասում էին, որ հայկական անցակետի վատ աշխատանքի արդյունքում չեն կարողանում մուտք գործել Հայաստան: Հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Նրանցից Կարեն Հովակիմյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2 շաբաթ է տնից դուրս են եկել, գնացել Ռուսաստանի քաղաքներ ու հիմա վերադառնում են Հայաստան, բայց արդեն մի քանի օր է կանգնած են վրացական կողմում, քանի որ հայկական կողմը վատ է աշխատում, կամ չի աշխատում, իսկ վրացական կողմն էլ ասում է, որ չի կարող թողնել, քանի որ խցանումներ կառաջանան:
Ըստ աղբյուրի զրուցակցի՝ այս պահին վրացական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար, որոնց վարորդները տեղեկություն էլ չունեն, թե դեռ ինչքան են ստիպված կանգնելու, որ բացվի հայկական կողմի անցակետը և կարողանան մուտք գործել Հայաստան:
ՊԵԿ-ը պարզաբանմամբ է հանդես եկել հայ-վրացական սահմանային անցակետերում բեռնատարների կուտակումների վերաբերյալ․
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:
Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում են առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել:
Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար, նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը