ՀՀ կառավարությունը 338 մլն 263 հազար դրամ կհատկացվի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 5-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման համար:
Ֆինանսական անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումների տնտեսումներից՝ վերաբաշխման արդյունքում:
Ըստ այդմ, որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա:
Գումարը կուղղվի աշխարհի առաջնության հյուրընկալման անդամավճարի (Host Fdd) հատկացմանը և կազմակերպչական ծախսերի մասնակի կատարմանը: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. աշխարհի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողություններն, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը:
Հիշեցնենք՝ 2022 թ. մայիսի 21-31-ը Երևանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակ ՀՀ հավաքականը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
2023 թ. ապրիլի 23-ից մայիսի 3-ը Երևանում անցկացված բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը