Նոյեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մերձավան գյուղում թափառող շունը հարձակվել է քաղաքացու վրա և կծել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները, ժամանելով Մերձավան գյուղի բուժամբուլատորիա, այնտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Կայքի տեղեկություններով պարզվել է, որ ժամը 09:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 76-ամյա Սուսաննա Փ.-ի վրա է հարձակվել թափառող շունը և կծել: Կնոջը տեղափոխել են ամբուլատոր կենտրոն և մինչ շտապօգնության ժամանումը կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը